«… Եվ Ես սրան եմ մտիկ տալիս՝ խոնարհին և կոտրած հոգի ունեցողին և Իմ Խոսքից դողացողին» (ԵՍԱՅԻ 66.2):
Երբ լսում ենք Աստծուց, մենք ունենք ընտրություն արձագանքելու խոնարհությամբ և վստահությամբ կամ խստացնելու մեր սիրտը և անտեսելու Նրան: Ցավոք սրտի, երբ ոմանք չեն ստանում իրենց ուզածը կամ անցնում են փորձությունների և դժվարությունների միջով, խստացնում են իրենց սիրտը:
Սա այն է, ինչ պատահեց իսրայելցիներին, երբ անցնում էին անապատի միջով: Աստված հրաշալի բաներ էր ծրագրել նրանց համար, բայց սկզբում Նա փորձեց նրանց, որպեսզի տեսներ, թե արդյոք նրանք հավատալու էին Իրեն: Աստված միտումնավոր առաջնորդեց իսրայելցիներին երկար, դժվար ճանապարհով, որպեսզի տեսներ՝ կպահեի՞ն Իր պատվիրանները, թե՞ ոչ: Իր Խոսքում Աստված ասում է՝ չխստացնենք մեր սրտերը, ինչպես նրանք խստացրին (տե՛ս Եբրայեցիների 3.7,8):
Խնդիրները նրանց դառնացրին՝ ավելի լավը դարձնելու փոխարեն: Իսրայելցիները խստացրին իրենց սրտերը և չցանկացան սովորել Աստծո ճանապարհները: Նրանք ունեին սխալ վերաբերմունք և սխալ մոտեցումներ ու չկարողացան առաջ գնալ, որովհետև հրաժարվեցին Աստծուն վստահելուց:
Թույլ մի՛ տուր, որ սիրտդ խստանա դժվարությունների ժամանակ: Խստասիրտ մարդիկ ապստամբ են և հրաժարվում են շտկվել: Նրանք դժվարանում են լսել Աստծուց և դժվարություններ են ունենում մարդկային փոխհարաբերություններում: Նրանք պատրաստակամ չեն հաշվի առնելու ուրիշների տեսակետները, չեն հասկանում ուրիշների կարիքները և սովորաբար անտարբեր են դրանց հանդեպ: Նրանք եսակենտրոն են և անկարող շարժվելու սրտացավությամբ:
Եկե՛ք վճռականորեն փնտրենք Աստծուն, որպեսզի Նա փափկեցնի մեր սրտերը և օգնի զգայուն լինել Իր հպմանը և լսել Իր ձայնը:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ իրավիճակն այնպես չի ընթանում, ինչպես դու ես ցանկանում, վստահի՛ր Աստծուն և պահպանի՛ր լավ վերաբերմունք: