«Ամենը լսվել է. եզրակացությունը սա է. Աստծո՛ւց վախեցիր [պատկառի՛ր և երկրպագի՛ր Նրան] և Նրա պատվիրանները պահի՛ր, որովհետև սա է ամեն բան մարդու համար [Նրա արարչագործության ամբողջական, սկզբնական նպատակը, …ամբողջ երջանկության հիմքը…] և ամեն մարդու պարտականությունը» (ԺՈՂՈՎՈՂ 12.13):
Ժողովողի հեղինակը մի մարդ էր, ով բառացիորեն փորձել էր ամեն ինչ՝ երջանիկ լինելու համար: Նա ուներ մեծ հարստություն, իշխանություն և շատ կանայք: Նա իրեն չէր զրկում ոչ մի աշխարհիկ հաճույքից: Նա տիրանում էր այն ամենին, ինչ աչքերը ցանկանում էին: Նա ուտում էր, խմում և զվարճանում: Ուներ ահռելի գիտություն, իմաստություն և հարգանք, սակայն ատում էր կյանքը: Ամեն բան սկսեց անիմաստ թվալ նրան: Նա փորձում էր հասկանալ, թե ինչի համար է կյանքը տրված, և ավելի ու ավելի էր խճճվում:
Վերջապես Սողոմոնը հասկացավ, թե որն էր իր խնդիրը. Նա չէր հնազանդվում Աստծո պատվիրաններին, այդ պատճառով էլ դժբախտ էր: Նա արեց այն պնդումը, որ ամբողջ երջանկության հիմքը հնազանդությունն է:
Կան շատ ու շատ տխուր, տրտում մարդիկ, որոնք իրենց դժբախտ կյանքի համար մեղադրում են մարդկանց և հանգամանքներին՝ չհասկանալով, որ իրենց չբավարարված լինելու պատճառը Աստծո հանդեպ անհնազանդությունն է:
Ես հավատում եմ, որ դու ուզում ես երջանիկ լինել: Երջանկության բանալին Աստծուն հնազանդվելն է: Աստվածաշնչի թարգմանություններից մեկում՝ Ժողովող 12.13-ում, ասվում է, որ հնազանդությունը «բոլոր աններդաշնակ հանգամանքների կարգավորումն է»: Դա նշանակում է, որ ցանկացած բան, որը դուրս է կարգուկանոնից կամ ներդաշնակությունից, անհնազանդության հետևանք է, և միայն հնազանդությունն է վերականգնում ներդաշնակությունը: Ամեն անգամ, երբ հնազանդվում ենք Աստծուն, մեր կյանքը բարելավվում է:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հստա՛կ որոշիր, որ ամեն բանում հնազանդվելու ես Աստծուն, և ուրախությունդ կավելանա: