Զորացի՛ր և քա՛ջ եղիր

Զորացի՛ր և քա՛ջ եղիր

«Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որ պահես և անես այն ամեն օրենքի պես, որ Իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է…» (ՀԵՍՈՒ 1.7):

Աստված ցանկանում է, որ լիովին ազատ լինենք վախից: Նա չի կամենում, որ ապրենք տանջանքի մեջ, և չի ուզում, որ վախը խանգարի մեզ վստահաբար անելու այն, ինչ Նա պատվիրում է: Աստված գործում է մեր անունից, երբ մենք կենտրոնանում ենք Նրա, այլ ոչ թե մեր վախերի վրա, երբ լսում ենք Նրա, այլ ոչ թե վախի ձայնը: Երբ ունենում ենք վախի մտքեր կամ զգացողություն, մեր թշնամին՝ սատանան, փորձում է շեղել մեզ Աստծուց և Նրա կամքից: Հնարավոր է, որ կյանքի տարբեր ժամանակներում վախի զգացում ունենանք, սակայն կարող ենք վստահել Աստծուն, և անհրաժեշտության դեպքում «գործենք՝ թեկուզ վախենալով»:

Տարիներ առաջ Աստված խոսեց սրտիս այն մասին, որ ես կարող եմ «գործել՝ թեկուզ վախենալով»: Երբ Նա Հեսուին ասաց չվախենալ, այդկերպ զգուշացնում էր, որ վախը կփորձի կանգնեցնել նրան՝ թույլ չտալով իրականացնել այն, ինչ Աստված ուզում էր, որ նա աներ: Աստված Հեսուին հորդորեց թույլ չտալ, որ վախը վերահսկի իրեն, այլ շարունակել քաջությամբ և զորությամբ առաջ շարժվել:

Երբ վախի զգացում ենք ունենում, առաջին բանը, որ պետք է անենք, աղոթելն է: Մենք պետք է վճռականորեն փնտրենք Աստծուն այնքան, մինչև ունենանք հուզական և մտավոր հաղթանակ վախի հանդեպ: Այսպես վարվելով՝ կենտրոնանում ենք Աստծո, այլ ոչ թե մեր վախերի վրա: Մենք երկրպագում ենք Նրան՝ Նրա Ով լինելու համար, և մեր երախտագիտությունն ենք արտահայտում այն ամենի համար, ինչ Նա արել է, անում է և կշարունակի անել:

Հաջորդ անգամ, երբ դեմառդեմ կանգնես վախին, հիշի՛ր, որ պետք է ուժեղ և քաջ լինես ու շարունակես առաջ շարժվել Աստծո կամքի մեջ: Նույնիսկ երբ ստիպված լինես որևէ բան անել վախենալով, գնա՛ և արա՛ դա՝ կենտրոնանալով Աստծո, այլ ոչ թե վախի վրա:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հետևի՛ր Աստծո ձայնին, այլ ոչ թե վախին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon