«Ամեն զգուշությունից առավել զգուշացի՛ր քո սրտից, որ նրանից է կյանքի ելքը» (ԱՌԱԿԱՑ 4.23):
Վերաբերմունքը շատ կարևոր է. Մեր վերաբերմունքը դառնում է վարքագիծ, որը մենք դրսևորում ենք: Վերաբերմունքը՝ լավ թե վատ, սկիզբ է առնում մտքերից:
Հայտնի մեջբերման մեջ ասվում է. «Ցանի՛ր միտք, կհնձես գործողություն. Ցանի՛ր գործողություն, կհնձես սովորություն. Ցանի՛ր սովորություն, կհնձես բնավորություն. Ցանի՛ր բնավորություն, կհնձես ճակատագիր»:
Ճակատագիրը կյանքի ուղին է. Բնավորությունն այն է, թե ով ենք մենք. Սովորությունները վարքագծի ենթագիտակցական կաղապարներն են: Մեր կյանքի արդյունքը, ըստ էության, որոշվում է մեր մտքերով: Հենց մտքերից է սկսվում ամբողջ գործընթացը: Զարմանալի չէ, որ Աստվածաշունչը սովորեցնում է հիմնովին նորոգել միտքը՝ զարգացնելով նոր վերաբերմունք և նոր սկզբունքներ (տե՛ս Հռոմեացիների 12.2, Եփեսացիների 4.23): Մենք պետք է լինենք Աստծո Խոսքի լավ տնտեսներ և մշակենք մտածողության նոր օրինաչափություններ, որոնք վերջնականապես կփոխեն մեր կյանքի ուղին:
Մենք կարող ենք խանգարել Սուրբ Հոգուն մեր վատ վերաբերմունքով, օրինակ՝ դառնությամբ, բարկությամբ, չներումով, չարամտությամբ, անարգանքով, վրեժխնդրությամբ կամ ապերախտությամբ և այլն: Սուրբ Հոգին շարժվում է այնտեղ, որտեղ կա աստվածահաճո վերաբերմունք:
Պարբերաբար քննի՛ր քո վերաբերմունքը և հսկի՛ր ամենայն ջանասիրությամբ, ինչպես պատվիրվում է այսօրվա խոսքում: Եթե կարիք ունես փոխելու վերաբերմունքդ, ապա քեզ անհրաժեշտ է փոխել մտքերդ:
Սատանան մշտապես կփորձի տալ մեզ սխալ մտքեր, բայց հարկ չկա, որ ընդունենք այն, ինչ նա փորձում է տալ: Ես չէի ընդունի մեկ գդալ թույն զուտ այն պատճառով, որ ինչ-որ մեկն առաջարկել է, դու նույնպես չէիր ընդունի: Եթե մենք բավականաչափ խելացի ենք, որ հրաժարվում ենք թույնից, ապա պիտի բավականաչափ խելամիտ լինենք՝ թույլ չտալու սատանային թունավորել մեր մտքերը, վերաբերմունքը և, ի վերջո, մեր կյանքը:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. Ամեն օր կատարի՛ր վերաբերմունքի «գույքագրում»՝ պահպանելով այն ճիշտ վիճակում: