«Բայց դուք զորություն (կարողություն, արդյունավետություն և հզորություն) կստանաք, երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա…»: — Գործք առաքելոց 1.8, AMP
Գործք առաքելոց 1.8-ում Հիսուսը խոստանում է, որ Սուրբ Հոգին կիջնի նաև մեզ վրա՝ տալով մեզ զորություն (կարողություն, արդյունավետություն և հզորություն) լինելու Քրիստոսի վկաները մինչև երկրի ծայրերը:
Շատ քրիստոնյաներ հետևում են բոլոր «ճիշտ» կանոններին, սակայն զարմանում են. «Մի՞թե սա է ամենը»: Որպես երիստասարդ քրիստոնյա՝ ես վերապրում էի այդ նույն դատարկությունը: Ճիշտ բաներ անելը բերում էր ժամանակավոր երջանկություն, բայց ոչ խոր, բավարարող ուրախություն:
Ես աղաղակում էի. «Աստվա՛ծ, ինչ-որ բան պակասում է»: Ի զարմանս ինձ՝ ընդամենը մի քանի ժամ անց Հիսուսը լցրեց ինձ Սուրբ Հոգու զորությամբ այնպես, որ երբևէ չէի վերապրել…և ամեն բան փոխվեց: Ես նորովի զգացի Նրա զորությունն իմ կյանքում:
Երբ ամեն օր ժամանակ ես անցկացնում Աստծո հետ և ընդունում Նրա Սուրբ Հոգին, դու չես մտնում զարհուրելի, տարօրինակ փորձառության մեջ: Դու պարզապես ընդունում ես Նրա զորությունը, որպեսզի ավելի նմանվես Հիսուսին, և Նրա իմաստությունը, որպեսզի քայլես սովորական իրադարձությունների միջով:
Մի՛ վախեցիր նոր բաներից. պարզապես համոզված եղի՛ր, որ դրանք աստվածաշնչյան են: Ես հավատում եմ, որ Աստված ցանկանում է քեզ հասցնել նոր հոգևոր բարձունքների՝ Սուրբ Հոգու հետ ամենօրյա հաղորդակցման միջոցով: Նա թակում է քո սրտի դուռը: Արդյո՞ք այն լայն կբացես ու Նրան ներս կհրավիրես:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ ապրել իբրև մի քրիստոնյա, ով լցված է Քո Սուրբ Հոգու զորությամբ: Ցո՛ւյց տուր ինչպես ապրել խոր, բավարարող ուրախության մեջ, որը գալիս է Սուրբ Հոգուց: Ես շնորհակալ եմ այն զորության և իմաստության համար, որով ամեն օր և ամեն իրավիճակում քայլում եմ՝ լցված Քո արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ: