«…կյանքը և մահը, օրհնությունը և անեծքը ձեր առջև դրի. ուրեմն կյա՛նքը ընտրիր, որ ապրես՝ դու և քո սերունդը» (ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ 30.19):
Հովհաննեսի 16.8-ում Հիսուսն ասաց, որ Սուրբ Հոգին աշխարհին «կհանդիմանի և կհամոզի» մեղքի և արդարության համար: Նա ոչինչ չասաց այն մասին, որ Սուրբ Հոգին դատապարտություն կբերի: Նա ասաց, որ Սուրբ Հոգին «կցուցադրի, թե ինչ է մեղքը, և ինչ է արդարությունը»:
Սուրբ Հոգին հայտնում է մեղքի և արդարության հետևանքները, որպեսզի մարդիկ հասկանան, թե որ ճանապարհով գնան: Նա հստակ տարբերակում է դնում ճշտի ու սխալի, օրհնության ու անեծքի, կյանքի ու մահվան միջև, որպեսզի մարդիկ կարողանան խնդրել Աստծուց, որ օգնի իրենց ընտրելու կյանքը:
Ովքեր ապրում են մեղքի մեջ, ունեն թշվառ, դժբախտ կյանք: Ես ժամանակ առ ժամանակ պատահաբար հանդիպում եմ մարդկանց, որոնց ճանաչում եմ վաղուց և չեմ տեսել բավականին երկար ժամանակ: Նրանցից մի քանիսը չեն ապրում Աստծո համար, և այն տհաճ, թշվառ ապրելակերպը, որ նրանք ընտրել են, իր հետքն է թողել նրանց վրա: Նրանք կատարել են վատ և անխոհեմ ընտրություններ, և մեղքը դարձրել է նրանց տխրադեմ՝ հաճախ ստիպելով ավելի ծեր երևալ, քան իրականում կան: Նրանք դառնությամբ լցված, դժբախտ, բացասական և դժգոհ անձնավորություններ են, որովհետև նրանց կյանքը լավ ընթացք չի ունեցել: Նրանք չեն կարողանում հասկանալ, որ իրենց կյանքը՝ իրենց կայացրած որոշումների արդյունքն է:
Մեղքի հետևանքը կարելի է տեսնել ամենուրեք: Սահմանագիծը Աստծուն սիրողների ու Նրան ծառայողների միջև, նաև նրանց միջև, ովքեր չեն սիրում ու չեն ծառայում Նրան, միանգամայն ակնհայտ է դառնում: Աստված խնդրում է, որ կատարենք ճիշտ ընտրություններ, որոնք կառաջնորդեն մեզ այն կյանքի մեջ, որ Նա ցանկանում է՝ ունենանք: Մեր առջև երկու ճանապարհ կա. ընդարձակ ճանապարհ, որ առաջնորդում է մեղքի մեջ և տանում կործանման, և նեղ ճանապարհ, որ տանում է դեպի կյանք (տե՛ս Մատթեոս 7.13,14): Քաջալերո՛ւմ եմ քեզ ընտրել կյանքը այսօր և ամեն օր:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. լավ կյանքը հետևանք է լավ ընտրությունների: