«Իսկ համբերատարությունը (տոկունությունը) բերում է բնավորության հասունություն (հաստատված հավատք և փորձված մաքրություն): Իսկ (այսպիսի) բնավորությունը ձևավորում է հավիտենական փրկության ուրախ և վստահ հույս (ունենալու սովորություն)»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 5.4, AMP
Մեր բնավորությունն ամենից ճշգրիտ բացահայտվում է այն բանում, թե ինչ ենք մենք անում, երբ ոչ ոք չի տեսնում: Աստծո հետ սերտ, մտերիմ փոխհարաբերության մեջ ապրելու կարևոր բանալի է ուժեղ բնավորության տեր անձնավորություն լինելը, որովհետև երբ գիտակցում եք, որ Աստված ձեզ հետ է օրվա յուրաքանչյուր պահի, ապրում եք, որպեսզի հաճեցնեք Նրան՝ անկախ նրանից՝ ուրիշները տեսնում են ձեզ, թե ոչ:
Շատերը վարվում են այնպես, ինչպես հարկն է, երբ ինչ-որ մեկը՝ առաջնորդ, գործատու, ազդեցիկ անձնավորություն, հետևում է իրենց, սակայն ընտրում են հեշտ ճանապարհը, երբ ոչ ոք, բացի Աստծուց, չի տեսնում իրենց: Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է մտածենք այսպես. «Ես անելու եմ ճիշտը պարզապես այն պատճառով, որ ցանկանում եմ հաճեցնել Տիրոջը»:
Բնավորությունը երևում է նաև այն ժամանակ, երբ ճիշտ ենք վարվում ուրիշների հետ, չնայած նրան, որ մեզ հետ ճիշտ չեն վարվում: Հիսուսն Իր կյանքով ցույց տվեց սա, երբ «նախատվելիս՝ փոխարենը չէր նախատում» (Ա Պետրոս 2.23): Մենք կարող ենք հետևել Նրա օրինակին՝ ճիշտ վարվելով նրանց հետ, ովքեր ճիշտ չեն վարվում մեզ հետ, օրհնելով նրանց, ովքեր չեն օրհնում մեզ, սիրելով նրանց, ովքեր անպայման չէ, որ սիրեն մեզ: Սրանք այն բաներն են, որ Հիսուսն արեց, և եթե մենք ցանկանում ենք նմանվել Նրան, պետք է ընտրենք վարվել այդպես: