«Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ…»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.2
Փոփոխությունը չի գալիս պայքարի, առանց Աստծո՝ մարդկային ջանքերի, հուսախաբության, ինքնաատելության, ինքնամերժման, մեղքի զգացումի, անհանգստության կամ մարմնի գործերի միջոցով: Մենք նոր արարածներ ենք Քրիստոսում (տե՛ս Բ Կորնթ. 5.17), և որպես այդպիսին, բոլորս ցանկանում ենք հաճո լինել Աստծուն: Մենք ուզում ենք լինել այն, ինչ Նա ցանկանում է, որ լինենք, և վարվենք այնպես, ինչպես Նա ցանկանում է, որ վարվենք, բայց դրա համար պետք է սովորենք մտածել այնպես, ինչպես Նա է մտածում:
Փոփոխությունը կյանքում գալիս է Աստծո Խոսքով միտքը նորոգելու արդյունքում: Երբ համաձայնում եք Աստծո հետ և իսկապես հավատում, որ Նրա ասածը ճշմարիտ է, դա աստիճանաբար սկսում է դրսևորվել ձեր մեջ: Դուք սկսում եք մտածել այլ կերպ, այնուհետև սկսում եք խոսել այլ կերպ և ի վերջո սկսում եք գործել այլ կերպ: Սա մի գործընթաց է, որ զարգանում է փուլերով, բայց մինչ այն տեղի է ունենում, դուք կարող եք ունենալ այս վերաբերմունքը. «Ամեն ինչ կարգին է, և ես իմ ճանապարհին եմ»:
Վայելե՛ք կյանքը, մինչ փոխվում եք: Վայելե՛ք այնտեղ, որտեղ գտնվում եք, մինչ կհասնեք այնտեղ, ուր գնում եք: Վայելե՛ք ճանապարհորդությունը: Մի՛ վատնեք «հիման»՝ փորձելով սլանալ ապագայի մեջ: Հանգստացե՛ք: Թո՛ւյլ տվեք, որ Աստված լինի Աստված: Դադարե՛ք ինքներդ ձեզ հետ այդքան խիստ լինելուց: Փոփոխությունը գալիս է քիչ-քիչ, բայց այդ ընթացքում դուք ամեն օր ավելի եք մոտենում Նրան: