
«Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Տղանե՛ր (զավակներ), ուտելու միս (ձուկ) ունե՞ք [ինչ-որ բան բռնե՞լ եք հացի հետ ուտելու համար]…»» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 21.5):
Հովհաննեսի Ավետարանի 21-րդ գլխում նկարագրվում է այն պատմությունը, երբ աշակերտներն ամբողջ գիշեր ձկնորսություն արին, բայց ոչինչ չբռնեցին: Եղե՞լ է, որ արել ես այն, ինչ կարողացել ես, և արդյունքի չես հասել: Եթե այդպես է, ուրեմն քեզ ծանոթ է այն զգացողությունը, որ ունեին աշակերտները:
Հիսուսը հայտնվեց լճի ափին և նրանց հարցրեց, թե որևէ բան բռնե՞լ են: Աշակերտները բացասական պատասխան տվին: Նա ասաց, որ ուռկանները գցեն նավի աջ կողմը և այնտեղ ձուկ կգտնեն: Նրանք գցեցին և այնքան շատ ձուկ բռնեցին, որ չէին կարողանում ուռկանը քաշել: Այդ պատմությունը օրինակ է այն բանի, թե ինչ է տեղի ունենում, երբ հետևում ենք Աստծո կամքին՝ հակառակ նրա, թե ինչ է տեղի ունենում, երբ հետևում ենք մեր կամքին:
Ըստ էության, Հիսուսն աշակերտներին հարցնում էր. «Որևէ օգուտ ստանո՞ւմ եք նրանից, ինչ փորձում եք անել»: Դա մի հարց է, որը կարող ենք ինքներս մեզ տալ, երբ չունենք որևէ արդյունք այն ջանքերի դիմաց, որ ներդնում ենք մեր ծրագրերի իրականացման մեջ:
Երբ «ձկնորսություն ենք անում» Աստծո կամքից դուրս, դա համարժեք է նավի սխալ կողմում ձուկ որսալուն: Երբեմն մենք պայքարում ենք, ջանք թափում, աշխատում, լարվում՝ փորձելով կյանքի կոչել մեծ բաներ: Մենք ջանում ենք փոխել ինչ-որ բաներ, մարդկանց կամ ինքներս մեզ: Փորձում ենք ավելի շատ գումար վաստակել կամ ավելի մեծ պաշտոն զբաղեցնել: Մենք կարող ենք աշխատել ու աշխատել այս բոլոր ուղղություններով և մեր ջանքերի դիմաց ոչինչ չունենալ ցուցադրելու՝ բացի ուժասպառ լինելուց:
Վերջերս ինչ-որ բան «բռնե՞լ ես»: Որևէ բանի հասե՞լ ես՝ առանց ուժասպառ լինելու. եթե ոչ, գուցե ձկնորսություն ես անում նավի սխալ կողմում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եթե Աստծուց օգնություն խնդրես և ուշադրություն դարձնես Նրա ձայնին, Նա կասի, թե ո՞ր կողմ նետես ուռկանը: