
«Նա, ով փափկասեր է և ապրում է հաճույքներով [տրվում է հաճույքներին և հաճեցնում ինքն իրեն], մեռած է՝ նույնիսկ ողջ լինելով» (Ա ՏԻՄՈԹԵՈՍ 5.6):
Մի անգամ ես մի մատանի հավանեցի և կարող էի գնել, որովհետև որոշակի գումար էի խնայել: Բայց չշտապեցի, այլ աղոթեցի և փորձեցի ստուգել իմ մղումները: Ապա Աստծուն հարցրի. «Աստվա՛ծ, կարո՞ղ եմ գնել այս մատանին: Դու գիտես, որ այս գումարով կանեմ այն, ինչ ուզում ես, բայց եթե դեմ չես, ես կցանկանայի ունենալ այս մատանին»:
Ես որևէ հանդիմանություն չզգացի, ուստի գնեցի այն:
Պատմությունը դրանով չավարտվեց. այնտեղ նաև թևնոց կար: Վաճառողն ասաց, որ այն զեղչված է, բայց զեղչը գործում է մինչև հաջորդ օրը: Եվ ասաց, որ այն ինձ շատ է սազում:
Ես երկմտում էի, բայց գնացի Դեյվին փնտրելու՝ ճանապարհին մտածելով. «Գուցե նա կգնի այն ինձ համար»:
Դեյվը նայեց թևնոցին, հավանեց ու ասաց. «Իհա՛րկե, դու կարող ես գնել այն, եթե ցանկանում ես»:
Ես սրտումս գիտեի, որ չպիտի գնեմ այդ թևնոցը: Այն գնելն անշուշտ մեղք չէր լինի, բայց գիտեի, որ այդ ժամանակ ինձ համար ավելի մեծ օգուտ կլիներ այնպիսի բնավորություն կերտելը, որը թույլ կտար հրաժարվել նրանից, ինչը ցանկալի էր, բայց ոչ անհրաժեշտ:
Այդ պահին զգացի, որ գուցե Աստված թույլ կտար ձեռք բերել թևնոցը ավելի ուշ, եթե դարձյալ ցանկանայի: Ես պարզապես չունեի խաղաղություն՝ նույն օրը գնելու նաև թևնոցը: Ետ նայելով՝ հասկանում եմ, որ զսպվածությունը, որ ցուցաբերեցի, ավելի մեծ բավականություն բերեց, քան ինքնահաճեցումը:
Եթե ուզում ենք իսկապես երջանիկ լինել, պետք է լսենք Աստծուն: Նա թույլ կտա, որ իմանանք՝ ինչն է ճիշտ, և ինչն է սխալ մեզ համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թո՛ղ Աստված առաջնորդի քեզ ինչպես փոքր, այնպես էլ լուրջ հարցերում: