
«… բարեկամ կա, որ եղբորից ավելի հաստատ է» (ԱՌԱԿԱՑ 18.24):
Եթե հարկ լիներ նշելու, թե որն է արդյունավետ աղոթքի և Աստծո հետ մտերիմ փոխհարաբերության ամենակարևոր բանալին, ապա կասեի, որ դա Աստծուն որպես ընկեր մոտենալն է: Երբ գնում ենք Աստծո մոտ՝ հավատալով, որ Նա նայում է մեզ՝ որպես Իր ընկերների, նոր սքանչելիքներ են բացվում մեզ համար: Մենք ձեռք ենք բերում ազատություն և համարձակություն, որոնք անհրաժեշտ են արդյունավետ աղոթքի համար:
Եթե չճանաչենք Աստծուն՝ որպես ընկերոջ, և եթե վստահ չլինենք, որ Նա մտածում է մեր մասին՝ որպես Իր ընկերների, ապա դժկամությամբ կհայտնենք մեր կարիքները կամ որևէ բան կխնդրենք Նրանից: Եթե Աստծո հետ ունենանք կաշկանդված, պաշտոնական հարաբերություններ, մեր աղոթքները կարող են օրինապաշտական լինել: Բայց եթե մոտենանք Նրան՝ իբրև մեր ընկերոջ, չկորցնելով Նրա հանդեպ մեր պատկառանքն ու երկյուղածությունը, ապա կշարունակենք Նրա հետ ունենալ մտերիմ, հուզումնալից և կենարար հաղորդակցում:
Ընկերությունը հիմնված է սիրելու և սիրված լինելու վրա: Դու գիտես, որ ինչ-որ մեկը քո կողքին է՝ պատրաստ օգնելու, քաջալերելու քեզ և մշտապես հոգալու և գործելու հանուն քեզ: Ընկերը նա է, ում գնահատում ես, քո ծառայակիցը, գործընկերը, մեկը, ով թանկ է քեզ համար, մեկը, որի հետ ցանկանում ես ժամանակ անցկացնել, և մեկը, ումից հաճույք ես ստանում: Դու դառնում ես ինչ-որ մեկի ընկերը՝ ժամանակ հատկացնելով նրան: Դու դառնում ես այդ մարդու ընկերը՝ կյանքդ կիսելով նրա հետ: Քաջալերում եմ քեզ տեսնել Աստծուն՝ որպես քո ընկերոջ: Վերաբերվի՛ր Նրան հարգանքով և պատվով, բայց նաև վերաբերվի՛ր որպես քո ընկերոջ ու սովորի՛ր հաղորդակցվել Նրա հետ այնպես անկեղծ և հեշտ, ինչպես կհաղորդակցվեիր երկրային ընկերոջ հետ. Նա լավագույն ընկերն է, որ երբևէ կունենաս:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. դու Աստծո ընկերն ես: