«Հաստատի՛ր Քո Խոսքը Քո ծառայի համար, որ Քեզնից վախենում է» (ՍԱՂՄՈՍ 119.38):
Աստված խոսում է մեզ հետ Իր Խոսքի միջոցով, իսկ Նրա Խոսքը օգնում, ուղղորդում և քաջալերում է մեզ կյանքում: Նրա ձայնը հնարավոր է լսել յուրաքանչյուր իրավիճակում, որովհետև Աստվածաշնչում կան խոսքեր կամ հատվածներ, որոնցով կարող ենք աղոթել զանազան հանգամանքներում: Երբեմն սուրբգրային խոսքերը կամ հատվածները տալիս են զարմանալիորեն հստակ և մանրամասն ուղղություն, երբեմն էլ հարկավոր է վերցնել իմաստության հատիկները կամ ընդհանուր հոգևոր սկզբունքները և կիրառել խնդիրների լուծման մեջ: Ստորև թվարկված են մի քանի տարածված, առանձնահատուկ իրավիճակներ և հուզական ապրումներ, որոնցով թշնամին սպառնում է մեզ, և տրված են համապատասխան սուրբգրային խոսքեր յուրաքանչյուր պարագայում աղոթելու համար.
Երբ անցնում ես դժվարության միջով կամ ուժասպառ ես լինում, կարող ես աղոթել Եսայի 40.29 խոսքով. «Նա է հոգնածին ուժ տվողը, և Նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում»:
Երբ անհանգստանում ես ապագայի համար, կարող ես աղոթել Երեմիա 31.17 խոսքով, որն ասում է. «Հույս կա քո ապագայի համար»:
Երբ ֆինանսական պայքարի մեջ ես, կարող ես աղոթել Սաղմոս 34.9,10 խոսքերով. «Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ Նրա սուրբեր, որովհետև Նրանից վախեցողների համար պակասություն չկա: Առյուծի կորյունները կարոտում են և սոված են, բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասություն չունեն»:
Ես իսկապես հավատում եմ, որ Աստծո Խոսքն ունի պատասխան յուրաքանչյուր հարցի համար և տալիս է իմաստություն յուրաքանչյուր կարիք բավարարելու համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. զգացմունքները կարող են շեղել քեզ, բայց Աստծո Խոսքն ապահովության վայր է առաջնորդում: