«Երանի, թե նրանց սիրտն էլ այնպես լիներ, որ Ինձանից վախենալով իմ բոլոր պատվիրանքները պահեին ամեն ժամանակ, որպեսզի իրենց համար բարի լիներ և իրենց որդկանց էլ՝ հավիտյան»: —Երկրորդ Օրինաց 5.29
Աստված չի խոսում միայն ծառայության ավագների հետ: Նա յուրաքանչյուր քայլափոխի խոսում է ամեն մեկի հետ, ով ունի անձնական փոխհարաբերություն Նրա հետ: Շատ մարդիկ ամենևին չեն էլ ակնկալում լսել Աստծուց, սակայն իրականում Նա խոսում է մեզանից յուրաքանչյուրի հետ: Նա խոսում է քեզ հետ:
Անշուշտ, դու չես կարող լսել Նրան և անել այն, ինչ Նա ասում է, մինչև ականջ չդնես Նրա ձայնին: Դու լսում ես Նրան Աստվածաշունչ կարդալով, Նրա ներկայության մեջ հանգիստ մնալով ու մշտապես սիրտդ պատրաստելով՝ ընդունելու Նրանից: Այդպես դու կարող ես հետևել Նրա հրահանգներին ու պահել Նրա պատվիրանները:
Կարդա՛ Երկրորդ Օրինաց 5.29-ը: Կարո՞ղ ես զգալ Աստծո ձայնի անկեղծությունը, երբ Նա անում է այս պնդումը: Նա ուզում է, որ մենք պահենք Իր պատվիրանները, որպեսզի մեզ համար լավ լինի: Նա հոգում է մեր բարօրության համար և գիտի, որ միակ ճանապարհը, որով կարող է հոգ տանել մեր մասին, այն է, որ մենք հոժարությամբ լսենք ու հնազանդվենք Իրեն:
Քո փոխհարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ դարձրո՛ւ ապրելակերպ և հավատարիմ եղի՛ր Խոսքը կատարելու մեջ: Այսօր ակա՛նջ դիր և հետևի՛ր Նրա իմաստությանը:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես հավատում եմ, որ Դու խոսում ես ինձ հետ, ու ես ուզում եմ ճանաչել Քո ձայնը: Ես նպատակադրված կլսեմ ու կապրեմ այնպես, ինչպես Դու ես ասում, «որպեսզի ինձ համար բարի լինի»: