«Վա՛յ ձեզ, դպիրնե՛ր և փարիսեցիներ՝ կեղծավորներ, որ մաքրում եք բաժակի և սկավառակի դրսի կողմը, բայց ներսից լիքն են հափշտակությունով և անիրավությունով» (ՄԱՏԹԵՈՍ 23.25):
Հիսուսը հաճախակի խստորեն հանդիմանում էր Իր օրերի կրոնական առաջնորդներին, որովհետև թեև նրանք բազմաթիվ բարի գործեր էին անում, բայց ունեին սխալ շարժառիթներ: Կրոնական գործերի շատությունով չի որոշվում, թե որքանով է մարդը մտերիմ Աստծո հետ: Կարծում եմ, որ կրոնական գործունեությունը կարող է մեզ ետ պահել Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություն ունենալուց և Նրա ձայնը լսելուց:
Հիսուսը մահացավ, որպեսզի մեզ համար ճանապարհ բացի՝ Աստծո հետ մտերմություն ունենալու համար, և դա պետք է միշտ առաջնահերթ լինի ցանկացած բարի գործից: Իրականում, հնարավոր է զբաղվել կրոնական գործունեությամբ, բայց սրտով հեռու լինել Աստծուց: Մենք պետք է հաճախակի «շարժառիթի ստուգում» կատարենք: Աստծո համար ավելի կարևոր է, թե ինչու ենք անում տվյալ բանը, քան՝ թե ինչ ենք անում, երբ խոսքը վերաբերում է կրոնական գործերին: Նա ասաց, որ ճշմարիտ կրոնասիրությունը սա է. այցելել, օգնել այրիներին ու որբերին և հոգ տանել իրենց նեղության մեջ (տե՛ս Հակոբոս 1.27): Աստված ավելի շատ ուզում է, որ անկեղծորեն սիրենք ցավատանջ մարդկանց և հոգ տանենք նրանց համար, քան փորձենք տպավորություն թողնել միմյանց վրա երկար, պերճախոս աղոթքներով:
Կրոնավոր մարդիկ շատ բաներ են անում ավելի շուտ իրենց հեղինակությունը բարձրացնելու, քան Աստծուն ծառայելու համար: Նրանք կարող են ներգրավվել տարբեր տեսակի բարի գործերի մեջ, բայց հազվադեպ են, եթե ոչ երբեք, իրենց սիրտը կիսում Աստծո հետ կամ թույլ տալիս, որ Նա կիսի Իր սիրտը նրանց հետ: Այս մարդիկ իրականում հազվադեպ են լսում Աստծո ձայնը կամ մտերիմ հաղորդակցում ունենում Նրա հետ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. կենտրոնացի՛ր ոչ թե կրանավոր լինելու վրա, այլ՝ Աստծո հետ քո փոխհարաբերության: