
«…ամեն ինքն իրեն բարձրացնողը կխոնարհվի, և ինքն իրեն խոնարհեցնողը կբարձրանա…» (ՂՈՒԿԱՍ 18.14):
Ղուկաս 18.10,11 խոսքերում կարդում ենք երկու մարդու մասին, որոնք գնացին տաճար՝ աղոթելու: Մեկը փարիսեցի էր, մյուսը՝ մաքսավոր: Հիսուսն ասաց. «Փարիսեցին, առանձին կանգնած, սկսեց ինքն իրեն այս աղոթքն անել. «Ո՛վ Աստված, գոհանում եմ Քեզնից, որ նման չեմ ուրիշ մարդկանց՝ հափշտակողներին, անիրավներին, շնացողներին կամ, նույնիսկ, այս մաքսավորին»» (AMP): Հետո նա շարունակում է թվարկել իր բոլոր բարի գործերը:
Այս հատվածում ինձ դուր է գալիս այն, որ Աստվածաշնչում չի ասվում, որ փարիսեցին աղոթում էր Աստծուն: Գրված է, որ նա գնաց տաճար՝ աղոթելու, բայց աղոթեց «ինքն իրեն»: Այստեղ կարդում ենք մի մարդու մասին, որը կարծես աղոթում էր, բայց Աստվածաշունչն ասում է, որ նա նույնիսկ Աստծո հետ չէր խոսում. նա խոսում էր ինքն իր հետ: Կարծում եմ՝ երբեմն մենք նույնպես աղոթում ենք՝ տպավորություն թողնելու և՛ մարդկանց վրա, և՛ մեզ վրա: Եկե՛ք լինենք ազնիվ. մենք կարող ենք տպավորվել մեր իսկ պերճախոսությամբ: Երբ խոսում ենք Աստծո հետ և փորձում լսել Նրանից՝ համաձայնության գալով որևէ մեկի կամ որևէ խմբի հետ, մենք պետք է շատ զգույշ լինենք, որ չքարոզենք ուրիշներին և չփորձենք գերհոգևոր երևալ, այլ իսկապես կիսենք մեր սրտերն Աստծո հետ: Համաձայնությունը անհավանական հզոր ուժ ունի, բայց պետք է լինի մաքուր և բխի խոնարհ սրտից:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված տեսնում է բոլոր բարի գործերը, որ արել ես ծածուկում, և Նա վարձահատույց կլինի քեզ: