
«… ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե՛ առաքինություն է, և թե՛ գովություն է, ա՛յն մտածեք»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.8
Գիտեք, որ ձեր զգացմունքները կապված են ձեր մտքերի հետ: Եթե չեք կարծում, որ այդպես է, պարզապես քսան րոպե կամ ավելի հատկացրեք և մտածեք միայն ձեր խնդիրների մասին: Ես կարող եմ հավաստիացնել, որ մինչ այդ ժամանակի ավարտը ձեր զգացմունքները և նույնիսկ դեմքի արտահայտությունը կփոխվեն:
Մի օր ես արթնացա՝ մտածելով մի խնդրի մասին, որ ունեի: Հանկարծ Տիրոջ Հոգին խոսեց ինձ հետ. «Ջո՛յս, դու հաղորդակցվելու ես քո խնդրի՞, թե՞ Ինձ հետ»:
Երբ հուսահատվում եք, մի՛ նստեք ու խղճացեք ինքներդ ձեզ: Որքան էլ դժվար թվան իրավիճակները, մենք ունենք ընտրություն: Մենք կարող ենք ընտրել սերտ հաղորդակցություն ունենալ մեր խնդիրների հետ կամ լինել սերտ հաղորդակցության մեջ մեր Աստծո հետ: Մենք կարող ենք թույլ տալ, որ մեր մտքերը կենտրոնանան մեր խնդիրների վրա, մինչև որ լիովին հիասթափվենք և խորտակվենք, կամ կարող ենք մեր ուշադրությունը բևեռել մեր կյանքում տեղի ունեցած լավ բաների վրա, ինչպես նաև այն օրհնությունների, որ Աստված պահել է գալիք օրերի համար: