«… Ես սովորել եմ՝ ինչի մեջ որ կամ, նրանով բավական լինել (բավարարվել այն աստիճան, որ չվրդովվեմ կամ չանհանգստանամ)։ Գիտեմ ինչպես խոնարհաբար և համեստորեն ապրել սուղ պայմաններում, նաև գիտեմ ինչպես լիություն ունենալ և ապրել առատության մեջ…» (ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.11,12):
Մենք մշտապես պատրաստ ենք հետևելու Սուրբ Հոգուն, երբ Նա առաջնորդում է օրհնությունների մեջ, բայց կարող ենք ունենալ «ծանր լսողություն», երբ Նրա առաջնորդությունը ենթադրում է, որ չենք ստանալու այն, ինչ ուզում ենք:
Դարձի գալուց և Սուրբ Հոգով մկրտվելուց հետո Պողոսը Հոգուց լսեց այն դժվարությունների մասին, որոնք պետք է կրեր (տե՛ս Գործք 9.15,16): Նա բազում դժվարին իրավիճակների միջով անցավ, բայց նաև մեծապես օրհնվեց: Աստվածային ներշնչմամբ՝ նա գրեց Նոր կտակարանի մեծ մասը: Նա տեսավ տեսիլքներ, նրան այցելեցին հրեշտակներ, և բազում այլ հրաշքների ականատես եղավ: Նա պետք է հետևեր Սուրբ Հոգու առաջնորդությանը նաև այն ժամանակ, երբ չկար օրհնությունների առատություն: Նա լսում և հնազանդվում էր Աստծո ձայնին՝ անկախ նրանից՝ հարմար էր, տեղին էր, ի նպաստ իրեն էր, թե՝ ոչ:
Այսօրվա խոսքում Պողոսը գրում էր, որ սովորել էր բավարարվել՝ անկախ այն բանից՝ օրհնություն էր վայելում, թե դժվարին պայքարի մեջ էր: Հաջորդ խոսքում նա հռչակում էր, որ ամեն բան կարող է անել Քրիստոսով, Ով զորացնում է իրեն: Նա զորանում էր թե՛ լավ ժամանակների համար, որպեսզի վայելեր դրանք և պահպաներ ճիշտ վերաբերմունք, թե՛ դժվար ժամանակների համար, որպեսզի դիմակայեր դրանց և նույնպես ունենար ճիշտ վերաբերմունք:
Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ և՛ լավ ժամանակներում, և՛ դժվար ժամանակներում: Մենք կարող ենք հուսալ Նրան՝ անկախ այն ամենից, թե ինչ է կատարվում մեր կյանքում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված նույնն է՝ անկախ նրանից, թե ինչպիսին են մեր հանգամանքները, և Նա միշտ արժանի է փառաբանության ու գոհության: