
«Որովհետև դուք հենց այդ բանի մեջ կանչվեցիք, որ Քրիստոսն էլ չարչարվեց և ձեզ էլ օրինակ թողեց, որ Նրա հետքերին հետևեք»: Ա ՊԵՏՐՈՍ 2.21
Ես սովորեցի կառուցել կամուրջներ այն պարիսպների փոխարեն, որ կառուցում էի իմ կյանքի շուրջը: Աստծո շնորհքով և Նրա ներման զորությամբ բոլոր դժվարություններն ու անարդարությունները, որ տեղի էին ունեցել ինձ հետ, վերածվեցին մայրուղիների, որոնցով ուրիշները կարող են անցնել, որպեսզի գտնեն նույն ազատությունը, որ ես գտա:
Աստված աչառ չէ (տե՛ս Գործք 10.34): Ինչ որ Նա արել է ինձ համար, կանի նաև ձեզ համար: Օրեցօր Աստծուն ավելի մոտենալով՝ դուք կարող եք հայտնաբերել նույն ազատությունը, որը ես գտա, և կարող եք դառնալ կամուրջ, որով կանցնեն ուրիշները, այլ ոչ թե պարիսպ, որը կփակի նրանց ճանապարհը:
Հիսուսը մեզ համար ճանապարհ հարթեց դեպի Աստված: Նա դարձավ մայրուղի, որով մենք կարող ենք անցնել: Նա զոհեց Իրեն մեզ համար, և հիմա, երբ օգտվում ենք Նրա զոհից, Նա տալիս է մեզ հնարավորություն՝ զոհելու ուրիշների համար, որպեսզի նրանք քաղեն նույն օգուտները, որոնք այսօր վայելում ենք մենք:
Մարդկանց պարիսպների ետևում պահելու փոխարեն՝ առաջարկում եմ խնդրել Աստծուց, որ թույլ տա ձեզ տեսնել նրանց այնպես, ինչպես Նա է տեսնում: Սիրե՛ք նրանց, ներե՛ք նրանց և ցո՛ւյց տվեք նրանց Աստծուն, որպեսզի Նա կարողանա բժշկել նրանց վերքերը և լցնել Իր խաղաղությամբ և ուրախությամբ: