«Բայց հիմա արձակվեցինք օրենքից և ընդհատեցինք ցանկացած կապ նրա հետ՝ մեռնելով նրան, որով որ բռնված էինք: Այնպես որ, այժմ ծառայում ենք՝ հնազանդվելով ոչ թե գրված կանոնակարգերի հին օրենսգրքին, այլ՝ Հոգու մղումներին՝ նոր կյանքի մեջ» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 7.6):
Իմ կյանքում եղել են ժամանակներ, երբ երջանիկ չէի, թեև քրիստոնյա էի և անում էի այն, ինչ կարծում էի, որ քրիստոնյան պետք է անի: Այժմ ետ եմ նայում և հասկանում, որ երջանիկ չլինելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ շատ բան չգիտեի ներքին կյանքի մասին: Ես չգիտեի ինչպես լսել Աստծո ձայնը, որն առաջնորդում է ինձ Սուրբ Հոգու զորությամբ, կամ՝ ինչպես հնազանդվել Նրան, երբ մղում էր ինձ՝ անելու կամ չանելու որոշակի բաներ:
Այժմ Սուրբ Հոգին գործում է իմ ներսում ճանապարհային ոստիկանի պես: Երբ ճիշտ բաներ եմ անում, Նրանից կանաչ լույս եմ ստանում, իսկ երբ սխալ բան եմ անում, կարմիր լույս եմ ստանում: Եթե իմ ձեռնարկած քայլերի պատճառով հայտնվելու եմ անախորժության մեջ, ես նախազգուշացման ազդանշան եմ ստանում:
Որքան շատ ենք կանգ առնում և Աստծուց ուղղություն խնդրում, այնքան զգայուն ենք դառնում այն ներքին ազդանշաններին, որ Սուրբ Հոգին տալիս է: Նա խոսում է մեզ հետ մեղմ, հանդարտ ձայնով կամ, ինչպես ես եմ ասում, տալիս է ներքին հասկացողություն: Ուշադրությո՛ւն դարձրու Սուրբ Հոգու մեղմ ազդանշաններին, որ տրվում են քո ներսում, ինչպես ուշադրություն կդարձնեիր կարմիր և կանաչ լույսերին՝ մեքենա վարելիս: Եթե կանաչ լույս ես տեսնում, ուրեմն առա՛ջ շարժվիր, իսկ եթե՝ կարմիր, կանգնի՛ր:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ նոր տարածքում ես, օգտագործի՛ր քո ԳՏՀ-ն (GPS), այսինքն՝ Աստծո ազդանշանային, տեղորոշման համակարգը: