«Եվ Եհովան գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով՝ նրանց ճանապարհ ցույց տալու համար, և գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որ ցերեկ և գիշեր գնան» (ԵԼԻՑ 13.21):
Աստվածաշնչի մի քանի հատվածներում հիշատակվում է Աստծո կրակի մասին, նաև՝ թե ինչպես է այն գործում մեր կյանքում: Եթե ուզում ենք Աստծո լավագույնը, պետք է պատրաստ լինենք անցնելու սրբացման կրակների միջով: Մեր ներսում կա ոսկի (լավ որակներ), բայց կան նաև անմաքրություններ, որոնք պետք է հեռացվեն:
Բոլորն ուզում են վայելել Աստծո լավագույնը, բայց քչերն են ուզում ենթարկվել Նրա կրակի փորձությանը: Միշտ հիշի՛ր. երբ Աստծո կրակը գալիս է քո կյանքի մեջ, Աստված Ինքն է հետևում կրակի բոցերին: Նա երբեք թույլ չի տա, որ կրակն ամբողջովին մարի, ոչ էլ թույլ կտա, որ այն կործանի քեզ: Նա երբեք չի տալիս մեզ ավելի շատ փորձություն, քան կարող ենք տանել:
Ամբողջ կյանքի ընթացքում մենք վերապրում ենք ժամանակներ, որոնք դժվար են թվում, և ժամանակներ, որոնք առավել հեշտ են: Պողոսը խոսում էր այդ ժամանակների մասին և ասում, որ երկու դեպքում էլ սովորել է գոհանալ: Նա հավատում էր, որ Աստծո իմաստությունը կատարյալ է, և որ ամեն բան ի վերջո գործակից է լինելու դեպի բարին: Մենք կարող ենք հետևել նրա օրինակին: Երբ ընդդիմանում ենք Աստծո կրակին, միևնույն է, այն շարունակում է վառվել մեր կյանքում, բայց մեզ համար ավելի դժվար է դառնում նրան դիմանալը:
Աստծո կրակը գալիս է, որ այրի մեր կյանքի բոլոր անօգտակար բաները և բոցավառի Նրա համար այն, ինչ մնացել է: Երբեմն զգում ենք, թե ինչպես է այդ կրակը վառվում մեր մեջ, երբ ուսումնասիրում ենք Աստծո Խոսքը և հանդիմանվում որևէ բնագավառի համար, որը պետք է փոխվի: Այլ անգամներ Աստծո կրակը գալիս է տհաճ հանգամանքների տեսքով, որոնցում Աստված պահանջում է, որ մնանք կայուն և ցուցաբերենք աստվածահաճո վարքագիծ: Ամեն անգամ, երբ որևէ դժվարություն ենք կրում Աստծո փառքի համար, կարող ենք համոզված լինել, որ ճիշտ ժամանակին կստանանք մեր վարձքը:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եթե անցնում ես ինչ-որ բաների միջով, դրանցից փախչելու կամ նույնիսկ վախենալու հարկ չկա: