«…և մեր հաղորդությունը Հոր հետ և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ» (Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 1.3):
Աստված ուզում է հաղորդակցվել մեզ հետ: Այսօրվա խոսքում Հովհաննեսը գրում է Հոր և Որդու հետ հաղորդության մասին, իսկ Բ Կորնթացիների 13.14-ում Պողոսը գրում է Սուրբ Հոգու հետ հաղորդության մասին: Սուրբ Հոգու հետ հաղորդությունը վերաբերում է մյուս հավատացյալների և հենց Իր՝ Հոգու հետ հաղորդակցությանը: Քանի որ Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ, հարկ չկա, որ շատ հեռու գնանք՝ Նրա հետ հաղորդություն և փոխհարաբերություն ունենալու համար:
Թերևս հաղորդակցությունը նկարագրելու համար լավ օրինակ է ծառայում միասին ապրող մարդկանց՝ ամուսնու և կնոջ փոխհարաբերությունը: Ես և իմ ամուսինը՝ Դեյվը, ապրում ենք միևնույն տանը, և մենք շատ մտերիմ ենք: Միասին աշխատում ենք և մեծ մասամբ ամեն բան միասին ենք անում: Երբեմն նա գնում է գոլֆ խաղալու, որի ընթացքում մեր կապը պահպանում ենք հեռախոսով: Նա կարող է դիտել սպորտային հաղորդումներ, ու թեև ես առանձնապես հետաքրքրված չեմ դրանցով, բայց շարունակում եմ տանը մնալ: Դեյվն ու ես միասին ճաշում ենք, միասին քնում ենք և առավոտյան օգտվում ընդհանուր լոգասենյակից, երբ պատրաստվում ենք տնից դուրս գալ: Մենք միասին շատ ժամանակ ենք անցկացնում: Միշտ չէ, որ զրուցում ենք, բայց մշտապես տեղյակ ենք միմյանցից: Մենք ունենում ենք լռության պահեր, բայց նաև շատ հաղորդակցվում ենք: Ես խոսում եմ Դեյվի հետ ինձ համար կարևոր և ոչ կարևոր բաների մասին: Նույնն էլ նա է անում: Երբ մեզնից մեկը խոսում է, մյուսը լսում է:
Պարզ ասած՝ հաղորդությունը կամ հաղորդակցությունը՝ միասին լինելն է, միմյանց հետ խոսելը և միմյանց լսելը: Սուրբ Հոգին մշտապես մեզ հետ է: Նա ապրում է մեր մեջ և երբեք չի հեռանա մեզնից: Մենք կարող ենք խոսել Նրա հետ, և Նա կլսի: Ու Նա կխոսի մեզ հետ, իսկ մենք պետք է լսենք:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. սովորի՛ր Աստծո հետ քեզ հարմարավետ զգալ: Վերաբերվի՛ր Նրան որպես քո տան պատվավոր հյուրի: