Համեմատության դեպքում ոչինչ է

Համեմատության դեպքում ոչինչ է

«Որովհետև այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու այն գալու փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.18):

Ի՞նչ է նշանակում բաժնեկից լինել Քրիստոսի չարչարանքին: Գլխավոր միտքն այն է, որ ամեն անգամ, երբ մեր մարմինը ցանկանում է անել մի բան, իսկ Աստծո Հոգին ցանկանում է, որ անենք մեկ այլ բան, մեր մարմինը կչարչարվի, եթե ընտրենք հետևել Հոգուն: Մեզ դուր չի գալիս դա, բայց այսօրվա խոսքն ասում է, որ եթե ուզում ենք բաժնեկից լինել Քրիստոսի փառքին, ապա պետք է պատրաստ լինենք նաև բաժնեկից լինել Նրա չարչարանքին:

Մինչև հիմա հիշում եմ այն չարչարանքը, որի միջով անցա իմ քրիստոնեական կյանքի վաղ տարիներին, երբ սովորում էի հնազանդվել Աստծո Հոգուն: Ես մտածում էի. «Սիրելի՛ Աստված, մի՞թե երբևէ կարողանալու եմ հաղթահարել սա: Մի՞թե երբևէ հասնելու եմ այն կետին, որ կկարողանամ հնազանդվել Քեզ՝ առանց ցավ զգալու»:

Երբ մարմնավոր հակումներն այլևս վերահսկողի դերում չեն, մենք հասնում ենք այնպիսի վիճակի, երբ Աստծուն հնազանդվելն այլևս դժվար չէ, երբ իրականում հաճույք ենք ստանում Նրան հնազանդվելուց: Կան բաներ, որոնք այսօր հեշտ են ինձ համար, մինչդեռ ժամանակին դրանք դժվար ու ցավոտ էին: Նույնը կատարվում է նրանց հետ, ովքեր պատրաստ են անցնելու դժվարությունների միջով՝ փառքին հասնելու համար:

Հռոմեացիների 8.18-ում Պողոսը, ըստ էության, ասում էր. «Հետո՞ ինչ, որ մի փոքր չարչարվում ենք: Այն փառքը, որ բերելու է մեր հնազանդությունը, շատ ավելի գերազանցում է այն չարչարանքին, որ կրում ենք այժմ»: Դա բարի լուր է: Ինչ չարչարանք էլ կրենք, ինչի միջով էլ անցնենք, բացարձակապես ոչինչ են այն բարիքների համեմատ, որ Աստված անելու է մեր կյանքում, երբ շարունակենք առաջ շարժվել Նրա հետ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված հրաշալի բաներ կանի քո կյանքում, երբ շարունակես առաջ շարժվել Նրա հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon