«Սակայն, ո՛վ Զորաց Տեր՝ արդար Դատավոր, երիկամունքներն ու սիրտը քննող …որովհետև իմ վեճը Քեզ վրա եմ գցել»: ԵՐԵՄԻԱ 11.20
Մեր ամբողջ կյանքը լեցուն է մարտահրավերներով, որոնք ստուգում են մեր վճռականությունը, նպատակասլացությունը և բնավորության որակը. այս քննությունների միջոցով մենք կարող ենք ուժեղանալ և ավելի խորը փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ: Դրանք օգնում են իսկապես ճանաչելու ինքներս մեզ և բացահայտելու մեր բնավորության թույլ կողմերը:
Ինչպե՞ս են որևէ բան ստուգում: Կիրառում են ճնշում, որպեսզի տեսնեն՝ արդյո՞ք այն կկարողանա դրսևորվել այնպես, ինչպես հարկն է: Աստված թույլ է տալիս, որ մեր կյանքում լինեն քննություններ, որպեսզի բացահայտվեն մեր՝ թե՛ ուժեղ, և թե՛ թույլ կողմերը, և մեր նպատակը պետք է լինի հանձնել այդ քննությունները, այլ ոչ թե խուսափել դրանցից: Քննությունները միշտ գալիս են առաջխաղացումից առաջ: Եթե ցանկանում եք առաջխաղացում, պետք է հանձնեք Աստծուց նշանակված քննությունները:
Հակոբոս առաքյալը հաստատում է, որ քննություններն ի հայտ են բերում այն, ինչ կա մեր ներսում (տե՛ս Հակոբ. 1.2-4), և ես հայտնաբերել եմ, որ իսկապես այդպես է: Դրանք ցույց են տալիս այն բնագավառները, որոնցում մենք աճել ենք Աստծո մեջ, և այն բնագավառները, որոնցում օգնության կարիք ունենք: Քննությունը լավ բան է, որովհետև մենք չենք կարող կատարելագործվել որևէ բնագավառում, եթե չիմանանք, թե որոնք են մեր թույլ կողմերը:
Բնավորությունն իրականում բացահայտվում է այն ժամանակ, երբ ճնշում է գործադրվում: