«Գնալիս՝ քո քայլերը չպիտի հանդիպեն արգելքի [քո ճանապարհը մաքուր և բաց կլինի], և վազելիս՝ չես գլորվի» (ԱՌԱԿԱՑ 4.12):
Այն ճանապարհորդության ընթացքում, երբ սովորում էի լսել Աստծուց, հասկացա, որ վերջին հաշվով մենք պետք է պարզապես հավատանք, որ Նա առաջնորդում և ուղղորդում է մեզ: Մենք խնդրում ենք, որ Նա ուղղորդի մեր քայլերը, և հավատում ենք, որ ստանում ենք այն, ինչ խնդրում ենք Իրենից: Լինում են ժամանակներ, երբ Աստծուց շատ հստակ խոսք եմ լսում, բայց մեծ մասամբ ես աղոթում եմ իմ օրվա համար, ապա հավատքով գործում եմ: Գուցե այդ օրը ոչ մի գերբնական կամ առեղծվածային բան տեղի չունենա: Գուցե չլինեն տեսիլքներ, ձայներ, արտասովոր բաներ, բայց իմ սրտում գիտեմ, որ Աստված ինձ ապահով է պահում և առաջնորդում ճիշտ ճանապարհով:
Աստված մեզ պահում է շատ բաներից, որոնց մասին նույնիսկ չգիտենք: Զարմանում եմ, թե որքան հաճախ կարող էի վթարի ենթարկվել, եթե առավոտյան չաղոթեի Աստծո առաջնորդության համար: Որքա՞ն խցանումներից եմ խուսափել, որովհետև պարզապես զգացել եմ, որ պետք է ընտրեմ այլ երթուղի և ոչ թե այն, որը սովորաբար ընտրում եմ: Ուզում եմ ուժգին քաջալերել, որ աղոթես, խնդրես Աստծո առաջնորդությունը և օրվա ընթացքում ասես. «Ես հավատում եմ, որ առաջնորդվում եմ Աստծով այսօր և ամեն օր»:
Սաղմոս 139.2-ում ասվում է, որ Աստված գիտի մեր նստելն ու վեր կենալը: Եթե Նա գիտի, թե երբ ենք նստում ու վեր կենում, և ժամանակ է հատկացրել՝ այդ մասին Իր Խոսքում գրելու, ապա Նա հաստատ տեսնում և հոգ է տանում մնացած բաների համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու կարող ես հանգստանալ՝ իմանալով, որ Աստված զբաղված է քո յուրաքանչյուր քայլով: