«Առանց տեսիլքի ժողովուրդը կկործանվի…»: ԱՌԱԿԱՑ 29.18, AMP
Առակաց գիրքն ասում է, որ առանց տեսիլքի ժողովուրդը կործանվում է: Տեսիլքը մի բան է, որ տեսնում ենք մեր մտքում, «մտավոր տեսողություն», ինչպես ասվում է մի սահմանման մեջ: Դա կարող է լինել ինչ-որ բան, որ Աստված դնում է մեր սրտում, կամ ինչ-որ բան, որ ցանկանում ենք իրականացած տեսնել և աղոթքով հանձնում ենք Աստծուն: Մեր կյանքի տեսիլքը ներառում է այն, թե ինչպես ենք տեսնում ինքներս մեզ և մեր ապագան:
Ես նկատել եմ, որ որոշ մարդիկ վախենում են լավ բանի հավատալուց: Նրանք մտածում են, որ գուցե բախվեն հիասթափության: Նրանք չեն հասկացել, որ մշտապես կհիասթափվեն, եթե չհավատան: Ես կարծում եմ, որ եթե հավատամ շատ բանի և ստանամ դրա կեսը, ավելի լավ կզգամ, քան՝ չհավատամ ոչնչի և ստանամ ոչինչ: Ցանկանում եմ քաջալերել ձեզ, որ սկսեք հավատալ լավ բաների: Հավատացե՛ք, որ Քրիստոսի միջոցով կարող եք անել այն, ինչ անհրաժեշտ է: Երբ հավատում եք, բորբոքվում է ձեր սրտի հավատքը, իսկ հավատքը հաճեցնում է Աստծուն՝ ձեզ ավելի մոտեցնելով Նրան:
Խուսափե՛ք «դա երբեք չի կատարվի» վերաբերմունքից: Թող ձեր հավատքը ճախրի: Եթե վստահ չեք, թե ինչպես անեք դա, սկսե՛ք՝ քննելով ձեր մտքերը: Վերջերս ինչի՞ մասին եք մտածում և ինչի՞ն եք հավատում: Ազնիվ պատասխանը կօգնի ձեզ հասկանալու, թե ինչու չեք ստանում այն, ինչ ցանկացել եք ստանալ: