Հավատք, ոչ թե զգացմունքներ

Հավատք, ոչ թե զգացմունքներ

«Հավատքով ենք քայլում [վստահությամբ և սուրբ ջերմեռանդությամբ, մեր կյանքը կարգավորում ենք և վարվում այն համոզմունքով կամ հավատքով, որ ունենք Աստծո հետ մարդու փոխհարաբերության և աստվածային բաների հանդեպ], և ոչ թե երևույթով» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 5.7):

Աստվածաշունչը սովորեցնում է մեզ ապրել հավատքով, այլ ոչ թե մեր տեսածով և զգացածով։ Սակայն, կան ժամանակներ, երբ Աստված օգտագործում է հանգամանքները՝ մեզ հետ խոսելու համար: Օրինակ, երբ Դեյվն ու ես զգացինք, որ Աստված խոսում է մեզ հետ հեռուստատեսային ծառայություն սկսելու վերաբերյալ, երկուսս էլ չգիտեինք, թե ինչպես հաղորդում պատրաստենք, և չունեինք անհրաժեշտ գումար՝ այն հեռարձակելու համար: Մենք ոչ մի կերպ չէինք կարող մեր ուժերով հայթայթել այդ գումարը, ուստի Աստված պետք է մատակարարեր մեզ: Եթե գրեինք մեր ընկերներին և գործընկերներին ու չստանայինք ֆինանսական աջակցություն, ապա չէինք կարողանա ևս մեկ քայլ անել: Անկախ նրանից, թե որքան մեծ էր մեր հավատքը հեռուստատեսությամբ հաղորդումներ հեռարձակելու համար, մեզ նաև գումար էր անհրաժեշտ: Մենք հավատում էինք, որ Աստված խոսել էր մեր սրտում, բայց նաև կարիք ունեինք, որ Նա խոսեր մեր հանգամանքների միջոցով: Մենք պետք է իմանանք հավատքի, հիմարության և ենթադրության տարբերությունը: Հիմարություն կլիներ, եթե մտնեինք պարտքի տակ՝ հեռուստատեսությամբ հաղորդումներ հեռարձակելու համար:

Ենթադրենք, կինն աղոթում է և զգում, որ պիտի աշխատի՝ ընտանիքի ծախսերն ինչ-որ չափով հոգալու համար: Նա որոշում է աշխատանք գտնել, բայց ունի երկու փոքր երեխա, ու եթե չկարողանա գտնել վստահելի դայակ, ապա չի կարողանա աշխատել: Դա մի հանգամանք է, որի համար Աստված պետք է հոգա, որպեսզի նա կարողանա առաջ գնալ: Եթե Աստված չլուծի դայակի հարցը, այն ժամանակ կինը ստիպված կլինի կասկածի տակ առնել աշխատանքի հետ կապված իր մտքերը: Գուցե Աստված ցույց է տալիս, որ այդ ժամանակահատվածում ընտանիքի հետ տանը մնալն ավելի լավ է, քան աշխատելը:

Մենք վարվում ենք հավատքով, բայց պետք է նաև խնդրենք Աստծուց իմաստություն՝ թե երբ լիովին անտեսենք հանգամանքները, և երբ ուշադրություն դարձնենք դրանց, որովհետև Նա օգտագործում է դրանք՝ մեզ հետ խոսելու և մեզ առաջնորդելու համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ապրի՛ր հավատքով, բայց հիմար մի՛ եղիր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon