«Ազնի՛վ եղեք դատելու մեջ և առաջին հայացքից (մակերեսորեն և արտաքուստ) մի՛ որոշեք, այլ ուղիղ և արդար դատաստան արե՛ք» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 7.24):
Այսօրվա խոսքը շատ հստակ, առանձնահատուկ խոսք է Աստծուց: Այն ասում է, որ չդատենք մակերեսորեն կամ արտաքին տեսքից:
Տարիներ շարունակ ես եղել եմ այնպիսի անձնավորություն, ով հապճեպ դատողություններ էր անում: Մի քանի անգամ Աստված լրջորեն հանդիմանեց ինձ դրա համար, ի վերջո ես հասկացա հապճեպ և մակերեսորեն դատելու վտանգը:
Նախքան մարդկանց դատելը՝ պետք է ժամանակ հատկացնենք և ճանաչենք, թե իրականում ովքեր են նրանք: Հակառակ դեպքում, կարող ենք հավանություն տալ մեկին, ով իրականում այն չէ, ինչ թվում է, կամ հավանություն չտալ մյուսին, ով իրականում հրաշալի անձնավորություն է, բայց արտաքուստ կամ վարմունքով այլ տպավորություն է թողնում:
Բոլորս ունենք փոքրիկ տարօրինակություններ, թույլ ենք տալիս անսովոր արարքներ, որոնք հեշտությամբ չեն հասկացվում մյուսների կողմից: Աստված չի դատում երևույթով, և մենք պետք է հետևենք Նրա օրինակին:
Դավիթը երբեք չէր ընտրվի թագավոր, եթե մարդիկ մակերեսորեն դատեին: Նույնիսկ նրա ընտանիքն անարգում էր նրան: Բայց Աստված տեսավ Դավթի սիրտը, որ հովվի սիրտ էր: Աստված տեսավ երկրպագողի, ում սիրտը նվիրված էր Իրեն, ով փափուկ ու դյուրաթեք էր Իր ձեռքերում: Սրանք որակներ են, որ Աստված գնահատում է, բայց միշտ չէ, որ ակնհայտ են առաջին հայացքից:
Քաջալերո՛ւմ եմ քեզ փնտրել Աստծուն և թույլ տալ, որ Սուրբ Հոգին խոսի քեզ հետ մարդկանց մասին: Նա գիտի նրանց սրտերը և կասի քեզ՝ զգուշանա՞ս, թե՞ փոխհարաբերություններ հաստատես: Վստահի՛ր Նրան, ոչ թե քո դատողությանը՝ մարդկանց ճանաչելու և նրանց հետ փոխհարաբերություն կառուցելու գործում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ուրիշների հանդեպ ունեցի՛ր այն վերաբերմունքը, ինչը կցանկանայիր, որ նրանք ունենային քո հանդեպ: