
«…Նա միշտ կենդանի է, որ խնդրանքներ ներկայացնի Աստծուն և բարեխոսի ու միջամտի նրանց համար» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 7.25):
Ցանկանում եմ կիսել քեզ հետ մի ճշմարտություն, որն իսկապես քաջալերել է ինձ Աստծո հետ փոխհարաբերություններում: Ես, շատերի պես, անկախ նրանից, թե որքան էի աղոթում, միևնույն է, ունեի այն զգացողությունը, որ ինչ-որ բան այն չէ իմ աղոթքի կյանքում: Ի վերջո, Տիրոջը հարցրի. «Ինչո՞ւ եմ ես այսպես զգում: Ամեն օր աղոթում եմ: Ես բավականաչափ ժամանակ եմ անցկացնում աղոթքի մեջ: Ի՞նչն է պատճառը, որ երբ ավարտում եմ աղոթքը, անբավարարված եմ զգում, ու կարծես ընդհանրապես ոչ մի քայլ չեմ մոտեցել Քեզ»: Աստված պատասխանեց. «Որովհետև քեզ թվում է, որ դու կատարյալ աղոթքներ չես անում: Դու կասկածում ես ինքդ քեզ, և դա ստիպում է կասկածել քո աղոթքների զորությանը»:
Ես հասկացա, որ դա ճիշտ էր. ես չէի կարծում, որ այն էի, ինչ պիտի լինեի: Վախը մշտապես տանջում էր ինձ՝ ստիպելով, որ ինքս ինձ ասեի հետևյալ խոսքերը. «Ես չեմ աղոթում բավականաչափ հավատքով, կամ՝ ես չեմ աղոթում բավականաչափ երկար, կամ՝ ես չեմ խոսում Աստծո հետ ճիշտ բաների մասին»:
Աստված ազատեց ինձ վախից և կասկածից, երբ խոսեց ինձ հետ. «Գիտե՞ս ինչ, Ջո՛յս, դու ճիշտ ես: Դու կատարյալ աղոթքներ չես անում: Դու կատարյալ չես: Այդ է պատճառը, որ ունես Հիսուսին՝ որպես քո Բարեխոսի, և այդ է պատճառը, որ դու աղոթում ես Նրա անունով»:
Գուցե դու էլ չես կարծում, թե «ճիշտ» աղոթքներ ես անում, բայց քաջալերվի՛ր: Մինչև քո աղոթքները հասնում են Աստծուն, Նրա համար դրանք դառնում են կատարյալ, որովհետև դու աղոթում ես Հիսուսի, ոչ թե քո անունով: Երբ աղոթում ենք Հիսուսի անունով, մենք ներկայացնում ենք Աստծուն այն ամենը, ինչ Հիսուսը կա, այլ ոչ թե այն, թե ով ենք մենք, հետևաբար Աստված ընդունում է մեր աղոթքները:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թո՛ղ Հիսուսը կատարյալ աղոթքներ անի քեզ համար: