«Վստա՛հ եղեք և հասկացե՛ք, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն, կայունություն և տոկունություն է գործում»: —Հակոբոս 1.3, AMP
Հասուն հավատքը մեկ գիշերում չի կայանում: Եթե մենք ուզում ենք ունենալ խոր, առողջ, ամուր հավատք առ Աստված, պետք է վարժեցնենք մեր հավատքը:
Մտածի՛ր բանակի զինվորների մասին: Նրանք պատրաստ չեն լինում թեժ մարտերի հենց այն ժամանակ, երբ զինվորագրվում են ծառայության որևէ ճյուղում: Նրանք պետք է հիմնական զինվորական պատրաստություն անցնեն: Նրանք անդադար մարզվում են, վարժություններ կատարում և սովորում: Վարժանքների հրահանգիչները նշանակված են զինվորներին «սպառազինելու» համար, որովհետև նրանք պետք է ունենան ուժ, տոկունություն, դիմացկունություն և համբերատարություն:
Եկե՛ք այս մասին մտածենք մեր հավատքի տեսանկյունից: Առաջին՝ մենք զինվորագրվում կամ մեր կյանքը տալիս ենք Քրիստոսին: Այնուհետև մտնում ենք հիմնական պատրաստության կամ հավատքի կառուցման ռեժիմի մեջ: Այս դեպքում Սուրբ Հոգին գործում է որպես մեր վարժանքների Հրահանգիչ:
Սուրբ Հոգին գիտի, թե մեզանից յուրաքանչյուրին ինչ է հարկավոր հավատքի կառուցման համար, որպեսզի մենք կարողանանք պատրաստ լինել թե՛ ժամանակին, թե՛ ժամանակից դուրս: Մենք պարզապես պետք է հնազանդվենք Նրան, անգամ եթե մեզ մարտահրավեր է նետվում, ու պիտի վստահենք, որ Նա գիտի, թե ինչպես կառուցենք մեր հավատքը:
Երբ թույլ ես տալիս, որ Սուրբ Հոգին մարզի քեզ, դրա արդյունքը, որն է՝ ուժեղ, ամուր հավատք առ Աստված, արժե այն ժամանակին ու ջանքերին, որ այն պահանջում է:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, ես հանձնվում եմ Քո հրահանգներին: Ես ուզում եմ ունենալ հասուն, ամուր հավատք Քո հանդեպ: Մարզի՛ր ինձ, որպեսզի ես կարողանամ քայլել հավատքով, ոչ թե երևույթով՝ վստահելով Աստծուն ամեն իրավիճակում և ամեն կարիքի բավարարման համար: