«Կամ թե չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ Նրան Աստծուց ունեք, և ձերը չեք։ Որովհետև մեծ գնով գնվեցիք. ուստի, փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 6.19,20
Աստված յուրաքանչյուրիս կանչում է այս կյանքում ինչ-որ առանձնահատուկ բան անելու: Բայց դա անելու համար կարևոր է, որ վճռենք հոգ տանել մեր մարմնի համար՝ այն տան, որը Նա տվել է մեզ՝ բնակվելու համար: Որպեսզի իրականացնենք Աստծուց տրված մեր նպատակը, մենք պետք է հավասարակշռված սնվենք, բավականաչափ հանգստանանք և մարզվենք ու պահպանենք առողջ ապրելակերպ:
Չկա ավելի վատ բան, քան կյանքում մշտապես վատ զգալը: Լինելով մի անձնավորություն, որը տարիներ շարունակ պայքարում էր սննդի ընտրության և քաշի հետ կապված խնդիրների դեմ, ես շատ լավ գիտեմ, թե ինչ զգացողություն է դա: Երբ մենք անառողջ ենք և հավասարակշռության մեջ չենք, պարզապես լավ չենք զգում: Դժվար է անել այն, ինչ Աստված կանչել է մեզ անելու, երբ մեր մարմինը դանդաղկոտ է, որովհետև պատշաճ կերպով հոգ չենք տարել նրա համար:
Ես հավատում եմ, որ իրականում հոգևոր հարց է սեփական մարմինը ճանաչելը, նրա կարիքներն իմանալը և հասկանալը, թե ինչն է լավագույնը նրա համար: Երբ ապրում եք Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ, դա ազդում է ձեր ամբողջ կյանքի վրա՝ հոգու, շնչի և մարմնի: Քաջալերում եմ, որ խնդրեք Տիրոջը, որ օգնի ձեզ կատարելու առողջ, իմաստուն ընտրություններ, որոնք օգուտ կտան այն մարմնին, որ Նա տվել է ձեզ: