Հոգու պտուղը

Հոգու պտուղը

«Բայց Հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն…» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 5.22,23):

Երբ ամբողջությամբ ողողվում ենք Սուրբ Հոգով, տեսնում ենք, թե ինչպես է Նրա պտուղը դրսևորվում մեր կյանքում: Մենք ունենում ենք խաղաղություն և ուրախություն և բարի ենք դառնում մարդկանց հանդեպ: Հիսուսը պատվիրել է մեզ սիրել միմյանց, ինչպես Ինքը սիրեց մեզ: Կարևոր է, որ աշխարհը տեսնի այս սիրո դրսևորումը: Աշխարհի մարդիկ ծարավ են ճշմարտության և կարիք ունեն տեսնելու, որ Աստված կարող է փոխել մարդկանց: Նրանք պետք է տեսնեն Աստծո սերը գործողության մեջ, որպեսզի փափագեն Աստծուն:

Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք պետք է աղ և լույս լինենք (տե՛ս Մատթեոս 5.13,14): Աշխարհը խավարի մեջ է, բայց Սուրբ Հոգով լցված քրիստոնյաները լույս են բերում ամենուրեք: Աշխարհն անհամ է, բայց քրիստոնյաներն իրենց ներկայությամբ աղ (համ) են տալիս կյանքին:

Որպես քրիստոնյաներ՝ մենք մեծ աշխատանք ունենք անելու, և մշտապես զգայուն պետք է լինենք Սուրբ Հոգուն այն բանում, թե ինչպես ենք վարվում մարդկանց հետ: Աստված մեր մեջ է և մեր միջոցով դիմում է աշխարհին. մենք Նրա ներկայացուցիչներն ենք (տե՛ս Բ Կորնթացիների 5.20): Այդ փաստը հաշվի առնելով՝ Պողոսը հորդորում էր, որ կառչենք աստվածային բարեհաճությունից, որ առաջարկվեց մեզ: Մենք պետք է աշխատենք Սուրբ Հոգու հետ՝ զարգացնելով Հոգու պտուղը, որպեսզի մեզ պահենք այնպես, որ փառավորենք Աստծուն և մարդկանց ուղղորդենք Նրա մոտ:

Հոգու պտուղը զարգանում է, երբ անցնում ենք դժվարությունների միջով և Աստծո օգնությամբ շարունակում վարվել մարդկանց հետ այնպես, ինչպես Նա կվարվեր: Մնա՛ ուժեղ Տիրոջ մեջ ու հիշի՛ր, որ աշխարհը հետևում է քեզ և կարիք ունի, որ դու աղ և լույս լինես:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. անկախ նրանից, թե ինչ մարտահրավերների առջև ես այսօր կանգնած, շարունակի՛ր բարի լինել բոլորի հանդեպ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon