«Եվ թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին»: ՄԱՏԹԵՈՍ 6.12
Հիսուսը հաճախ էր խոսում ուրիշներին ներելու անհրաժեշտության մասին: Եթե մենք պատրաստվում ենք ապրել Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ, կարևոր է, որ արագ լինենք ներելու հարցում: Որքան արագ ներենք, այնքան հեշտ կլինի ապրել խաղաղության մեջ: Դա թույլ է տալիս մեզ հաղթահարել խնդիրը, նախքան այն կարմատանա մեր զգացմունքների մեջ: Դառնությունը առավել դժվար կլինի դուրս հանել, եթե այն ունի երկար, ուժեղ արմատներ:
Երբ ինչ-որ մեկի հանդեպ անբարյացակամ ենք կամ ոխ ենք պահում, մենք չենք վնասում այդ մարդուն, մենք վնասում ենք միայն մեզ: Ուրիշների հանդեպ աններողամտությունը չի փոխում նրանց, բայց փոխում է մեզ: Այն դառնացնում է մեզ, դարձնում թշվառ, տհաճ, դժվար անձնավորություն: Մտածե՛ք այսպես. երբ կարծում եք, թե ոխ եք պահում, իրականում ոխն է ձեզ պահում:
Չներումը սատանայի խաբեության միջոցներից է մեզ գերության մեջ պահելու համար: Նա ուզում է՝ մտածենք, որ մենք վրեժ ենք լուծում, որ պաշտպանվում ենք կրկին վիրավորվելու վտանգից, բայց դրանցից ոչ մեկն էլ ճիշտ չէ: Չներումը շարունակում է վնասել ձեզ և թույլ չի տալիս, որ մոտենաք Աստծուն:
Եթե ինչ-որ մեկը վիրավորել է ձեզ, քաջալերում եմ, որ խնդրեք Աստծուց շնորհք ներելու նրան, ում հանդեպ ոխ ունեք: Այս պահից որոշեք, որ ձեր սիրտը և կյանքն ազատ կպահեք այս բացասական, կործանարար զգացումից: