«Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես քաշում և շատ բաներով զբաղված ես, բայց մեկ բան է պետք. Մարիամը բարի բաժինն ընտրեց, որ վեր չի առնվի նրանից»» (Ղուկաս 10.41,42):
Այսօրվա խոսքին նախորդող պատմության մեջ ասվում է, որ Հիսուսն այցելել էր երկու քույրերի՝ Մարիամին և Մարթային: Մարթան զբաղված էր՝ Հիսուսի համար ամեն բան կարգի բերելով. նա մաքրում էր տունը, կերակուր էր պատրաստում և փորձում էր լավ տպավորություն թողնել: Իր հերթին, Մարիամն օգտվեց Հիսուսի հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Մարթան բարկացավ քրոջ վրա՝ ցանկանալով, որ նա վեր կենա և օգնի իրեն: Նա նույնիսկ գանգատվեց Հիսուսին և խնդրեց, որ Մարիամին ասի, որ գործ անի:
Հիսուսի պատասխանը սկսվեց «Մարթա, Մարթա» բառերով, որոնք ենթադրում են ավելին, քան կարող ենք սկզբում մտածել: Դրանք ակնարկում են, որ Մարթան չափազանց զբաղված էր և ժամանակ չուներ փոխհարաբերությունների համար, որ նա աշխատանքը գերադասում էր մտերմությունից և սխալ էր օգտագործում իր ժամանակը՝ բաց թողնելով այն, ինչն ամենից կարևորն էր:
Մարիամը գործում էր իմաստությամբ. նա օգտվում էր պահի հնարավորությունից: Նա կարող էր իր կյանքի մնացած մասն անցկացնել մաքրություն անելով, բայց այդ օրը Հիսուսը եկել էր իր տուն, և նա ուզում էր, որ Նա ընդունված և սիրված զգար: Հիսուսը եկել էր տեսնելու նրան և Մարթային, ոչ թե ստուգելու նրանց տան մաքրությունը: Թեև կարծում եմ, որ մաքուր տունը կարևոր է, բայց դա այն ժամանակը չէր, որ պետք էր կենտրոնանալ մաքրության վրա. այդ ժամանակը Հիսուսի վրա կենտրոնանալու ժամանակն էր, որովհետև Նա այնտեղ էր:
Ես հիշեցնում եմ ինքս ինձ և քաջալերում եմ քեզ՝ լինել իմաստուն և բաց չթողնել Աստծո ներկայությունը, երբ այն հասանելի է: Լինում են ժամանակներ, երբ զգում ենք, թե ինչպես է Սուրբ Հոգին մղում մեզ աղոթելու կամ ժամանակ անցկացնելու Նրա ներկայության մեջ, բայց մենք նախընտրում ենք աշխատել կամ այլ բանով զբաղվել: Երբ Նա կանչում է մեզ, անմիջապես պետք է արձագանքենք: Նրա ներկայության օրհնությունները զգալիորեն գերազանցում են այն օգուտները, որ ստանում ենք այլ բաներից:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. բաց մի՛ թող Աստծո ներկայությունը վայելելու որևէ հնարավորություն: