
«Եվ հավիտենից ի վեր լսված չէ և ականջին հասած չէ, աչք էլ չի տեսել, որ Քեզնից բացի մեկ ուրիշ աստված այսպիսի բաներ աներ Իրեն հուսացողներին» (ԵՍԱՅԻ 64.4):
Սուրբ Հոգին աղոթքում կառաջնորդի մեզ զարմանալի սխրանքների մեջ, եթե պարզապես հարցնենք Նրան, թե ինչ աղոթենք, սպասենք Նրա պատասխանին, այնուհետև հնազանդվենք:
Մենք իմաստուն չենք, եթե ասում ենք, որ ժամանակ չունենք սպասելու Աստծուն, և թույլ չենք տալիս, որ Նա խոսի մեզ հետ և առաջնորդի մեզ աղոթքում: Մենք ռեստորանում քառասունհինգ րոպե կսպասենք, մինչև մեզ սպասարկեն, բայց Աստծուն սպասելու ժամանակ չունենք: Երբ մեր սրտերն ուղղում ենք Աստծուն և սպասում, որ ուղղորդի մեզ, մենք պատվում ենք Նրան: Սպասելու մեր պատրաստակամությունը ցույց է տալիս, որ մենք ցանկանում ենք Նրա կամքը և կառչած ենք Նրա առաջնորդությունից։
Մենք բավականաչափ ժամանակ ենք խնայում, երբ մեր սրտերն ուղղում ենք Աստծուն և սպասում Նրան: Ինչպես գրված է այսօրվա խոսքում, Աստված գործում է նրանց օգտին, ովքեր ապավինում են Իրեն: Աղոթքներդ սկսի՛ր պարզապես ասելով. «Ես սիրում եմ Քեզ, Տե՛ր, և սպասում, որ ուղղություն տաս այսօրվա իմ աղոթքներում»: Ապա աղոթի՛ր այն, ինչ կա քո սրտում, այլ ոչ թե այն, ինչ միտքդ կամ կամքդ է թելադրում:
Վերջերս աղոթում էի մի մարդու համար, որ աներ այն, ինչ, գիտեի, որ պետք է աներ, բայց Աստված ցույց տվեց, որ պետք էր աղոթել նրա կարգապահության համար, որովհետև կարգապահության բացակայությունը ազդեցություն էր թողնում նրա կյանքի շատ բնագավառների վրա: Ես կարող էի աղոթել մեկ բնագավառի համար, որն ակնհայտ էր, բայց Աստված ավելի խորն էր տեսնում, քան ես:
Մեկ ուրիշ անգամ, երբ աղոթում էի մի անձնավորության համար, ով վարքագծի առումով խնդիր ուներ, Աստված ցույց տվեց, որ նրա խնդրի արմատը ինքնամերժումն էր, և ես պետք է աղոթեի, որ այդ մարդն իմանար, թե որքան է Աստված սիրում իրեն: Բանն այն է, որ մենք հաճախ աղոթում ենք մեր տեսածի համեմատ, բայց Աստված կառաջնորդի մեզ տեսնելու հեռուն, եթե ապավինենք Նրան:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. Աստծուն սպասելու ժամանակը երբեք վատնված ժամանակ չէ: