
«…ահով և դողալով (առանց ինքնավստահության, լրջագույն զգուշությամբ, մեղմ խղճմտանքով, գայթակղության հանդեպ զգոնությամբ, հեռու մնալով այն ամենից, ինչը կարող է վիրավորել Աստծուն և վարկաբեկել Քրիստոսի անունը) գործե՛ք (զարգացրե՛ք, հասե՛ք և լիովին ավարտին հասցրե՛ք) ձեր անձերի փրկությունը» (ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 2.12):
Մենք կարող ենք թույլ տալ, որ Սուրբ Հոգին տիրի մեր կյանքում: Մենք կարող ենք լցվել Նրա ներկայությամբ և զորությամբ այնպես, որ թույլ տանք Նրան ներկա լինել մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում և մասնակից լինել այն ամենին, ինչ անում ենք: Նա կարող է ազդել մեր մտքերի, հույզերի և նույնիսկ կամքի վրա՝ բերելով բժշկություն ու լիարժեքություն մեր անձին, բայց Նա ուզում է հրավեր ստանալ:
Ասա՛ Սուրբ Հոգուն, որ պատրաստ ես համագործակցել Նրա հետ, որպեսզի քո կյանքում դրսևորվի այն, ինչ Նա արել է քո մեջ Աստծո շնորհքով: Այսօրվա խոսքում օգտագործվում է «գործել» արտահայտությունը, որ նշանակում է՝ մենք պետք է սովորենք ապրել Հոգուց: Մենք կարիք ունենք սովորելու ապրել ներսից դուրս: Զգո՛ւյշ եղիր, որ չվիրավորես Աստծուն՝ տրվելով գայթակղությանը և մեղքին: Սովորի՛ր ապրել այնպես, որ ամեն ժամանակ քո խղճմտանքն ամբողջովին մաքուր լինի:
Գուցե մտածում ես. «Ջո՛յս, այս ամենը դժվար է թվում, և ես համոզված չեմ, որ ունեմ այն, ինչ անհրաժեշտ է»: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ դու ունես այն, ինչ անհրաժեշտ է, որովհետև Սուրբ Հոգու զորությունն է քո կյանքում: Դու չես կարող գործել քո ուժերով, բայց երբ համագործակցես Աստծո հետ, կկարողանաս անել այն, ինչ անհրաժեշտ է: Մի՛ հարմարվիր «ծայրը ծայրին հասցնելու» կյանքին, երբ կա առատության կյանք, որ սպասում է քեզ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. շրջվի՛ր այն ամենից, ինչը վիրավորում է Աստծուն: