Միայն Աստված է տալիս խաղաղություն

Միայն Աստված է տալիս խաղաղություն

«Տերը զորություն կտա Իր ժողովրդին. Տերը կօրհնի Իր ժողովուրդը խաղաղությունով» (ՍԱՂՄՈՍ 29.11)

Ամենահզոր միջոցներից մեկը, որով Աստված խոսում է մեզ հետ և առաջնորդում է մեզ, ներքին վկայությունն է: Այլ խոսքով՝ մենք պարզապես ներքուստ գիտենք, թե որն է ճիշտ, կամ որն է սխալ: Դա իմացության առավել խորը մակարդակ է, քան սովորական գիտելիքը: Այն հոգու ոլորտում է և ուղեկցվում է խաղաղությամբ կամ խաղաղության բացակայությամբ: Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք՝ անկախ նրանից՝ ունե՞նք խաղաղություն, թե՞ ոչ:

Մեկ անգամ խոսում էի մի կնոջ հետ, որը կարևոր որոշում պետք է կայացներ: Նրա ընտանիքը և ընկերները խորհուրդներ էին տալիս, սակայն նրան անհրաժեշտ էր իմանալ ճիշտ պատասխանը, որովհետև ինքն էր կրելու այդ որոշման հետևանքները: Ամբողջ կյանքում նա զբաղվել էր սեփական գործով, իսկ այժմ զգում էր, որ պետք է թողնի այն և մնա տանը՝ երեխաների հետ: Իհարկե, սա պահանջելու էր ֆինանսական կտրուկ կարգավորումներ և փոփոխություններ անձնական կյանքում, որոնք կարող էին հուզական ազդեցություն թողնել նրա վրա: Նա պետք է իմանար Աստծուց, ոչ թե մարդկանցից, թե որն էր ճիշտ որոշումը:

Շաբաթավերջին այս կինը հարազատներից մեկի հետ մասնակցեց արտագնա սեմինարի: Սեմինարի ընթացքում, երբ նա փառաբանում և երկրպագում էր Աստծուն ու լսում քարոզչին, նրա սիրտը լցվեց խաղաղությամբ, և նա հաստատվեց իր՝ բիզնեսը դադարեցնելու որոշման մեջ: Ինչ-որ պահի նա պարզապես հասկացավ, թե որն է ճիշտը: Այդ ժամանակվանից նա ուներ խաղաղություն իր որոշման վերաբերյալ:

Երբ բարյացակամ մարդիկ մեզ ինչ-որ բաներ են ասում, որքան էլ զարմանալի թվա, նրանց խոսքերը կարող են չազդել մեզ վրա: Սակայն երբ Աստված է մեզ հետ խոսում, դա մեծ ազդեցություն է թողնում: Խնդրի՛ր Աստծուց ներքին վկայություն, որը միայն Նա կարող է տալ:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. միայն Աստված կարող է տալ քեզ խաղաղություն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon