«Որովհետև մարմնի խորհուրդը (բանականությունը և գիտակցությունը՝ առանց Սուրբ Հոգու) մահ է (մահ, որ բաղկացած է մեղքից առաջացող բոլոր թշվառություններից՝ թե՛ հիմա, թե՛ հետագայում), բայց (Սուրբ) Հոգու խորհուրդը՝ կյանք և խաղաղություն (հիմա և հավիտյան)»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.6, AMP
Փիլիպեցիների 4.8-ում Պողոսը նկարագրում է մեր մտքի լավագույն վիճակը. «…ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է, և թե գովություն է, ա՛յն մտածեք»: Ահա թե ինչ է նշանակում ունենալ Քրիստոսի միտքը: Ես սիրում եմ մարդկանց հիշեցնել, որ կարևոր է մտածենք, թե ինչի մասին ենք մտածում:
Շատերը սխալմամբ կարծում են, որ իրենց թշվառության կամ նեղության աղբյուրը մեկ այլ բան է, քան իրականում կա: Նրանք մեղադրում են արտաքին պայմաններին այն դեպքում, երբ հենց իրենց մտքերն են, որ իրենց նեղություն են պատճառում: Բայց եթե մենք ընտրենք ուշադիր լինել մեր մտքերին, կկարողանանք գերի վերցնել ամեն միտք Հիսուս Քրիստոսին հնազանդեցնելու համար (տե՛ս Բ Կորնթ. 10.5):
Աստծուն մոտենալու կարևոր նախապայմաններից է մեր մտքերը Նրան հնազանդեցնելը: Երբ այսպես ենք վարվում, Սուրբ Հոգին անմիջապես զգուշացնում է, եթե մեր միտքը տանում է մեզ սխալ ուղղությամբ: Այս դեպքում որոշումը մերն է՝ կշարունակե՞նք գնալ այդ ճանապարհով, թե՞ կընտրենք ունենալ Քրիստոսի միտքը: Մի մտածելակերպը տանում է
հուսախաբության, հոռետեսության և հուսահատության, մյուսն առաջնորդում է դեպի կյանք: Ընտրե՛ք կյանքը: