Մնա՛ հավասարակշռված

Մնա՛ հավասարակշռված

«Եղե՛ք հավասարակշռված (զուսպ, ողջամիտ), աչալուրջ և զգույշ ամեն ժամանակ. որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող [քաղցած] առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա» (Ա ՊԵՏՐՈՍ 5.8):

Սուրբ Հոգուն լսելը կօգնի մեզ հավասարակշռված մնալ կյանքի բոլոր բնագավառներում: Հոգին մեզ կասի, թե երբ ենք չափից շատ կամ ոչ բավականաչափ գումար ծախսում, երբ ենք չափից շատ կամ ոչ բավականաչափ խոսում, կամ, նույնիսկ, երբ ենք չափից շատ կամ ոչ բավականաչափ հանգստանում: Ամեն անգամ, երբ որևէ բան չափից շատ կամ չափից քիչ ենք անում, նշանակում է՝ դուրս ենք հավասարակշռությունից:

Այսօրվա խոսքում ասվում է, որ մենք պետք է հավասարակշռված լինենք, որպեսզի սատանան չկարողանա առավելություն ունենալ մեր հանդեպ: Տարիներ շարունակ նա առավելություն ուներ իմ հանդեպ, որովհետև ես հավասարակշռված չէի աշխատանքի հանդեպ իմ վերաբերմունքի մեջ: Կարծում էի, թե ամբողջ կյանքս պետք է կազմակերպեի աշխատանքի շուրջ: Քանի դեռ աշխատում էի և ինչ-որ բան անում, ես չունեի մեղքի զգացում, որը սատանան կօգտագործեր իմ դեմ: Բայց անընդհատ աշխատելու այդ մղումը Աստծուց չէր. դա ինձ չէր մտցնում աստվածային հավասարակշռության մեջ: Աշխատանքը լավ բան է, սակայն ես նաև հանգստի և վայելքի կարիք ունեի:

Ամեն օր, երբ ձգտում ես լսել Աստծուց, խնդրի՛ր Նրան ցույց տալ որևէ բնագավառ, որը դուրս է հավասարակշռությունից, և թո՛ւյլ տուր, որ Նա աշխատի քեզ հետ և շտկումներ կատարի: Կյանքում համատեղելու շատ բան ունենք, այդ իսկ պատճառով հեշտ է դուրս գալ հավասարակշռությունից, բայց Աստված միշտ հասանելի է մեզ օգնելու համար: Պարզապես հարցրու, թե ինչն ես չափից շատ կամ չափից քիչ անում, և կատարի՛ր այն փոփոխությունները, որ Նա կառաջարկի:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծո օգնությամբ մնա՛ հավասարակշռության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon