Աստված ունի պատասխան՝ նախքան մեր խնդրելը

Աստված ունի պատասխան՝ նախքան մեր խնդրելը

«Օրհնյալին եմ կանչում՝ Եհովային, և կազատվեմ իմ թշնամիներից» (Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ 22.4):

Զարհուրելի մարտից առաջ Հովսափատը մոտեցավ Աստծուն՝ նախևառաջ փառաբանելով Նրան և ասելով, թե որքան մեծ, փառահեղ, հզոր և հրաշալի է Նա: Այնուհետև սկսեց թվարկել այն հզոր գործերը, որ Տերն արել էր անցյալում՝ Իր ժողովրդին պաշտպանելու և Իր խոստումները պահելու համար: Այդ ամենից հետո նա իր խնդրանքը ներկայացրեց Աստծուն: Սկզբում Հովսափատը արտահայտեց իր վստահությունն այն բանում, որ Տերը լուծելու էր այդ խնդիրը: Ապա պարզապես ասաց. «Օ՜, իմիջիայլոց, Աստվա՛ծ, մեր թշնամիները դուրս են եկել մեր դեմ, որպեսզի վերցնեն այն տարածքները, որ տվել ես մեզ՝ իբրև ժառանգություն: Ես մտածեցի, որ պետք է նշեի այս փոքրիկ խնդիրը: Բայց Դու այնքա՜ն մեծ ես. ես գիտեմ, որ այս իրավիճակն արդեն Քո վերահսկողության տակ է»:

Երբ Աստծուց օգնություն ենք խնդրում, պետք է գիտակցենք, որ Նա լսում է մեզ, երբ առաջին անգամ դիմում ենք Նրան: Հարկ չկա, որ մեր աղոթքները պտտվեն միևնույն բանի շուրջ: Կարծում եմ՝ ամենից լավ է խնդրել Աստծուց այն, ինչ ցանկանում ենք կամ ինչի կարիքն ունենք, այնուհետև, երբ կրկին մտաբերենք դա, պարզապես շնորհակալություն հայտնենք Նրան՝ համոզված լինելով, որ Նա գործում է: Մենք պետք է ասենք, որ վստահում ենք Իրեն և գիտենք, որ Իր ժամանակը կատարյալ է:

Աստված ունի ծրագիր քո ազատագրման համար, նախքան քո խնդիրները երբևէ կհայտնվեն: Աստված երբեք անակնկալի չի գալիս: Շարունակի՛ր կենտրոնանալ Նրա վրա. երկրպագի՛ր, փառաբանի՛ր և գոհացի՛ր Նրանից, որ օգնությունը ճանապարհին է: Շարունակի՛ր ականջ դնել Նրա ձայնին, մինչ Նա անցկացնում է քեզ մարտերի միջով և առաջնորդում դեպի հաղթանակ:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված մեր հիշեցումների կարիքը չունի, բայց Նա մեր փառաբանության կարիքն ունի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon