«…գալու բաները կպատմի ձեզ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 16.13):
Աստծուց լսելու օգտակար բաներից մեկն այն է, որ հնարավորություն ենք ստանում պատրաստվելու ապագային: Սուրբ Հոգին մեզ տալիս է այն ուղերձները, որ Հայրը տալիս է Իրեն, և հաճախ ասում է բաներ, որոնք կատարվելու են ապագայում:
Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ ենք գտնում, երբ Աստված խոսում է Իր ժողովրդի հետ և նրան տեղեկություններ տալիս ապագայի վերաբերյալ: Նա Նոյին ասաց պատրաստվել ջրհեղեղին, որը կործանելու էր երկրագնդի մարդկանց (տե՛ս Ծննդոց 6.13-17): Նա Մովսեսին ասաց գնալ փարավոնի մոտ և խնդրել, որ արձակի իսրայելցիներին, բայց նաև ասաց, որ փարավոնը չի կատարի նրա խնդրանքը (տե՛ս Ելից 7-րդ գլուխ): Ակնհայտ է, որ Աստված մեզ չի ասի ամեն բան ապագայի վերաբերյալ, սակայն Նրա Խոսքում մենք ունենք խոստում, որ Նա որոշ բաներ կհայտնի մեզ:
Լինում են ժամանակներ, երբ զգում եմ, որ ինչ-որ լավ բան է կատարվելու, կամ, հնարավոր է, դժվարին խնդրի առջև եմ կանգնելու: Երբ ինձ մարտահրավեր է սպասում, և ես նախապես որոշ չափով գիտեմ այդ մասին, դա օգնում է մեղմացնելու գալիք հարվածը: Եթե մեքենան ընկնում է փոսը, լավ հարվածամեղմիչները (ամորտիզատոր) պաշտպանում են ուղևորներին ուժեղ ցնցման հետևանքներից, և ոչ ոք չի վնասվում: Նույնկերպ գործում է այն տեղեկությունը, որ Աստված նախապես հայտնում է մեզ:
Սուրբ Հոգու ծառայության մաս է կազմում գալու բաների մասին մեզ հայտնելը: Նա գիտի Աստծո միտքը և այն ծրագրերը, որ Աստված ունի յուրաքանչյուր անհատի համար: Ճիշտ ժամանակին Նա կհայտնի մեզ այն, ինչ կարիք ունենք իմանալու, որպեսզի իրականացնենք այն բարի ծրագրերը, որ Աստված ունի մեզ համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. վստահի՛ր Սուրբ Հոգուն, Ով կպատմի քեզ այն, ինչ կարիք ունես իմանալու ապագայի մասին: