Նա կփոխի քեզ

Նա կփոխի քեզ

«Եվ քեզ վրա կգա Տիրոջ Հոգին, և նրանց հետ մարգարեություն կանես, և դու կփոխվես, ուրիշ մարդ կդառնաս» (Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ 10.6):

Աստծո ձայնը լսելու կարողությունը՝ Նրան ճանաչելու և Նրա Հոգով լցված լինելու արդյունք է, բայց Հոգով լցված կյանքի միակ ապացույցը չէ: Մարդու մեջ Սուրբ Հոգու զորության մեկ այլ պարզ, բայց հզոր ապացույց է՝ փոխված կյանքը:

Հիսուսի դատավարության ժամանակ Պետրոսը երեք անգամ ուրացավ Նրան, որովհետև վախենում էր հրեաներից (տե՛ս Ղուկաս 22.56-62), բայց Պենտեկոստեի օրը, Սուրբ Հոգով լցվելուց հետո, նա այլևս չվախեցավ, այլ կանգնեց ու չափազանց համարձակ ուղերձ քարոզեց: Պետրոսի քարոզի արդյունքում նույն օրը երեք հազար մարդ ավելացավ Աստծո արքայության մեջ (տե՛ս Գործք 2.14-41): Սուրբ Հոգու լեցունությունը փոխեց Պետրոսին, դարձրեց մեկ այլ մարդ՝ համարձակ և բոլորովին անվախ:

Պետրոսը միակը չէր, որ այդ օրը համարձակություն ստացավ: Նույն կերպ վարվեցին մյուս տասնմեկ աշակերտները: Հրեաների վախից նրանք թաքնվել էին փակ դռների ետևում, երբ Հիսուսը հարությունից հետո եկավ նրանց մոտ (տե՛ս Հովհաննես 20.19,20): Հանկարծ, Սուրբ Հոգով լցվելուց հետո, բոլորն անվախ և համարձակ դարձան:

Սուրբ Հոգու զորությունը տարիների ընթացքում փոխեց բազմաթիվ մարդկանց: Այն փոխեց Սողոսին, ինչպես գրված է այսօրվա խոսքում: Փոխեց Պետրոսին և մյուս աշակերտներին: Այն փոխել է ինձ և շարունակում է աշխարհով մեկ փոխել նրանց, ովքեր թախանձագին փնտրում են Աստծուն: Փոխվելու կարի՞ք ունես. խնդրի՛ր, որ Սուրբ Հոգին լցնի քեզ այսօր:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. քեզ անհրաժեշտ է Սուրբ Հոգու զորությունը՝ փոխվելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon