«Քանի՜ նեղ է դուռը, և նեղվածք է ճանապարհը, որ տանում է կյանք, և քիչ են նրան գտնողները» (ՄԱՏԹԵՈՍ 7.14):
Հավանաբար, այն, ինչ արել ես մի քանի տարի առաջ, կանհանգստացնի քո խղճմտանքը, եթե փորձես անել դա այսօր: Գուցե հինգ տարի առաջ դա չի անհանգստացրել քեզ, բայց քանի որ Աստված հայտնել է, որ դա սխալ է, դու այլևս չես մտածի այդ արարքը կրկնելու մասին:
Աստված խոսում է մեզ հետ ինչ-ինչ հարցերի շուրջ, աշխատանք է տանում, որպեսզի ուղղի մեզ, ապա ժամանակավորապես հանգիստ է թողնում: Բայց քանի դեռ մենք լսում ենք Նրան, Նա մշտապես խոսելու է մեզ հետ նորանոր բաների մասին:
Եթե դու նման ես ինձ, ապա մի ժամանակ քայլել ես լայն ու անխոհեմ ուղիներով, բայց այժմ կանգնած ես նեղ ուղու վրա: Հիշում եմ, մի անգամ Աստծուն ասացի. «Իմ ճանապարհը կարծես ավելի ու ավելի է նեղանում»: Ես ունեի այնպիսի զգացողություն, որ այն ուղին, որով Աստված առաջնորդում էր ինձ, այնքան էր նեղանալու, որ ինձ համար տեղ չէր մնալու: Զարմանալի չէ, որ Պողոսն ասաց. «Եվ ապրում եմ այլևս ոչ թե ես, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ» (տե՛ս Գաղատացիների 2.20): Երբ Հիսուսը գալիս է մեր մեջ ապրելու, Նա մշտական բնակություն է հաստատում և աստիճանաբար Իր ներկայությունը տարածում մեր կյանքում՝ ավելի ու ավելի քիչ տեղ թողնելով մեր հին մարմնավոր բնույթին:
Եթե զգում ես, որ նեղ ուղու վրա ես, որ չես կարողանում անել այն, ինչ սովոր էիր անելու, կամ քեզ վրա դրված սահմանափակումները չափազանց խիստ են, այդ դեպքում քաջալերվի՛ր. քո հին մարմնավոր բնույթը սեղմվում է, որպեսզի Աստծո ներկայությունն ավելանա քո կյանքում:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. ընդունի՛ր քո սահմանափակումները՝ իմանալով, որ դրանք ավելի շատ տեղ են բացում Աստծո համար: