
«Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակված է ձեզանում» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 3.16):
Ես ապշում և երկյուղածությամբ եմ լցվում, երբ մտածում եմ, թե ի՜նչ հրաշալի օրհնություն է, որ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ: Նա ներշնչում է մեզ անել մեծ բաներ: Նա օժտում է մեզ զորությամբ՝ մեր առաջադրանքներն իրականացնելու համար: Նա մնում է մեզ հետ սերտ հաղորդակցության մեջ՝ երբեք չթողնելով կամ չլքելով:
Պարզապես մտածի՛ր այս մասին. եթե դու և ես հավատացյալներ ենք Հիսուս Քրիստոսում, ուրեմն մենք Աստծո Սուրբ Հոգու բնակարանն ենք: Մենք պիտի խորհենք այս ճշմարտության շուրջ կրկին ու կրկին, մինչև այն դառնա անձնական հայտնություն մեր կյանքում: Եթե այդպես անենք, երբեք չենք լինի անօգնական, անհույս կամ անուժ, որովհետև Նա խոստանում է լինել մեզ հետ, խոսել մեզ հետ, զորացնել և աջակցել մեզ: Մենք երբեք չենք մնա առանց ընկերոջ կամ առանց ուղղորդման, որովհետև Նա խոստանում է առաջնորդել և լինել մեզ հետ այն ամենում, ինչ անում ենք:
Պողոսը գրում էր իր երիտասարդ աշակերտ Տիմոթեոսին. «Պահի՛ր և պահպանի՛ր [ամենայն խնամքով] այն թանկարժեք ավանդը [Ճշմարտությունը], որ վստահվեց քեզ Սուրբ Հոգով, որ բնակված է մեզանում» (Բ Տիմոթեոս 1.14):
Ճշմարտությունները, որ գիտես Սուրբ Հոգու մասին, այնքա՜ն թանկարժեք են. քաջալերում եմ, որ պահես ու պահպանես դրանք քո սրտում: Թույլ մի՛ տուր, որ դրանց ազդեցությունը թուլանա քո կյանքում: Քանի որ դու հավատացյալ ես Հիսուս Քրիստոսում, Սուրբ Հոգին քո մեջ է, որպեսզի օգնի քեզ՝ ոչ միայն պահպանելու այն, ինչ սովորել ես Նրա մասին, այլև զարգացնելու և կիսելու այդ ամենը ուրիշների հետ: Երախտապա՛րտ եղիր Նրան, պատվի՛ր Նրան, սիրի՛ր և պաշտի՛ր Նրան: Նա այնքա՜ն բարի է, այնքա՜ն քաղցր, այնքա՜ն հրաշալի: Նա սքանչելի՜ է, և դու Նրա բնակարանն ես:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. օրվա մեջ մի քանի անգամ ասա՛. «Ես Աստծո բնակարանն եմ: Նա բնակություն է հաստատել իմ մեջ»: