
«Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որովհետև չպակասեցին Նրա գթությունները (ողորմությունները): Նրանք ամեն առավոտ նորանոր են. մեծ է Քո հավատարմությունը»: —Երեմիայի ողբ 3.22-23
Յուրաքանչյուր օր նոր հնարավորություն է դուռը անցյալի վրա փակելու և բոլորովին նոր սկիզբ վերապրելու համար: Այն փաստը, որ Աստված օրերը բաժանել է քսանչորսժամյա հատվածների, ապացույց է, որ մենք պետք է պարբերաբար սկզբից սկսենք: Միշտ նոր օր, նոր ամիս և նոր տարի կա: Բայց որպեսզի օգտվենք նոր սկզբից, պետք է համապատասխան որոշում կայացնենք:
Դու պայքարում ես մեղավորության ու դատապարտության դե՞մ: Վա՞տ ես զգում մի բանի համար, որը տարիներ առաջ ես արել կամ երեկ է պատահել: Որքան էլ ժամանակ անցած լինի, անցյալը մնում է անցյալ: Ինչ արվել է, արվել է, ու միայն Աստված կարող է հոգալ այդ մասին: Քո գործն է ընդունել սխալդ, ապաշխարել, ստանալ Աստծո ներումը և առաջ գնալ:
Երեմիայի ողբում մարգարեն քաջալերում է մեզ այն լուրով, որ Աստծո ողորմությունը կամ գթությունը նոր է ամեն օր: Ամեն օր Նա քեզ նոր սկիզբ է տալիս: Ես այնքան ուրախ եմ, որ Աստված ամեն օր ողորմության նոր խմբաքանակ է ուղարկում. մենք կարող ենք նոր սկիզբ ունենալ ամեն օր:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես այնքան ուրախ եմ, որ Քո ողորմությունները նոր են ամեն առավոտ: Ես կարող եմ ամեն օրը նորովի սկսել իմ հանդեպ Քո սիրո, ողորմության, գթության և հավատարմության շնորհիվ: