Շարունակի՛ր առաջ շարժվել

Շարունակի՛ր առաջ շարժվել

«Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության (վախկոտության, փոքրոգության, ստորաքարշության և քծնող վախի) հոգի, այլ՝ զորության և սիրո և զգաստության և կարգապահության և ինքնատիրապետման» (Բ ՏԻՄՈԹԵՈՍ 1.7):

Հոգևոր բաներում կա՛մ առաջ ենք շարժվում, կա՛մ հետ ենք սահում: Մենք կա՛մ աճում ենք, կա՛մ չորանում: Չկա՛, այսպես կոչված, ննջող կամ չեզոք քրիստոնեություն: Մենք չենք կարող մեր քրիստոնեական ընթացքը կանգնեցնել կամ որոշ ժամանակով մի կողմ դնել: Խիստ կարևոր է մշտապես առաջ շարժվել: Այդ է պատճառը, որ Պողոսը Տիմոթեոսին պատվիրեց արծարծել իր մեջ եղած Աստծո շնորհքը և բորբոքել այն կրակը, որ սրտում վառվում էր Աստծո հանդեպ (տե՛ս Բ Տիմոթեոս 1.6):

Ակնհայտ է, որ Տիմոթեոսն ուներ այս քաջալերանքի կարիքը: Այսօրվա խոսքից երևում է, որ նա, ըստ երևույթին, պայքարում էր վախի դեմ: Ամեն անգամ, երբ թույլ ենք տալիս, որ վախը վերահսկի մեզ, գործուն լինելու փոխարեն դառնում ենք անշարժունակ: Վախը քարացնում է մեզ. այն կանխում է առաջընթացը:

Հավանաբար, Տիմոթեոսը վախենում էր, որովհետև իր օրերում քրիստոնյաները սոսկալի հալածանքներ էին կրում: Բացի այդ, նրա ուսուցչին՝ Պողոսին, բանտ էին նետել, և գուցե նա մտածում էր, որ նույնը կպատահեր իր հետ:

Սակայն Պողոսը հորդորեց նրան՝ հավաքել ուժերը, կանգնել ճիշտ ուղու վրա, լինել հավատարիմ իր կոչմանը և հիշել, որ Աստված չի տվել իրեն «երկչոտության հոգի, այլ՝ զորության և սիրո և զգաստության»:

Սա այն է, ինչ ստանում ենք, երբ ընդունում ենք Սուրբ Հոգու լեցունությունը՝ զորություն, սեր և զգաստություն: Երբ վախի զգացում ես ունենում, հիշի՛ր այս ճշմարտությունը: Առանձնացի՛ր Աստծո հետ և թո՛ւյլ տուր, որ Սուրբ Հոգին լցնի քեզ խիզախությամբ ու վստահությամբ, որպեսզի կարողանաս առաջ շարժվել:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ջա՛նք արա, որ հաղորդակցվես Հիսուսի հետ և մտածես ոչ թե խնդիրների, այլ Նրա մասին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon