«Որովհետև Աստծո շնորհքով (Աստծո անվաստակելի բարեհաճությամբ), որ ինձ տրված է, զգուշացնում եմ ձեր մեջ ամենին՝ չգնահատել և չմտածել ինքներդ ձեր մասին ավելի բարձր, քան հարկն է (չունենալ չափազանցված կարծիք սեփական կարևորության մասին)…»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.3, AMP
Խոնարհությունը, որ դրսևորվում է մեզ ուրիշներից բարձր չգնահատելու մեջ, մշտապես օգնում է, որ հարգանքով ու բարությամբ վարվենք մարդկանց հետ: Մատթեոսի 7.12-ում Հիսուսը տվեց մի ուսմունք, որը վերաբերում է նրան, թե ինչպես ենք վարվում յուրաքանչյուրի հետ, ում հանդիպում ենք օրվա ընթացքում՝ ընկերներ, ընտանիքի անդամներ, աշխատակիցներ և նույնիսկ մարդիկ, որոնք անբարյացակամ են մեր հանդեպ:
Նա ասաց. «Այն, ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց, որովհետև այս է օրենքը և մարգարեները»: Սա շատ պարզ գաղափար է և կյանքը ապրելու հիասքանչ ճանապարհ: Որպեսզի վերապրենք Աստծո լավագույնը մեր կյանքի համար, պետք է վարվենք մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեզ հետ վարվեն: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք ուրիշների կարիքներին և տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց ծառայելու համար:
Մեր կյանքը զուրկ կլինի Աստծո լավագույնից, եթե տարվենք մեր «ես»-ով: Եսակենտրոնությունը թույլ չի տալիս տեսնել ուրիշների կարիքները, և դրա պատճառով բաց ենք թողնում այն օրհնությունները, որոնք գալիս են այն ժամանակ, երբ ծառայում ենք: Մենք չպետք է ամբողջովին մոռանանք մեր սեփական կարիքները: Բայց կարող ենք դուրս մղել եսասիրությունը՝ մշտապես առաջին հերթին չմտածելով մեր կարիքների մասին: