
«Պահի՛ր ու պահպանի՛ր սիրտդ ամենայն զգոնությամբ և ամեն ինչից վեր, որովհետև նրանից կյանքի աղբյուրներ են հոսում»: — Առակաց 4.23, AMP
Առակաց 4.23-ն ասում է, որ պահպանես սիրտդ, որովհետև այն որոշում է քո կյանքի ընթացքը (NLT): Մտածի՛ր այդ մասին: Այն, ինչ կա քո սրտում, վերջիվերջո ի հայտ կգա քո ամենօրյա կյանքում: Այն, ինչ ներսում է, ի վերջո դուրս գալու ելք կգտնի, ու ցանկացած և ամեն ոք կկարողանա տեսնել այն:
Ուստի ծայրահեղ կարևոր է հսկողության տակ պահել այն բաները, որոնք ձևավորում են մեր սիրտը: Ես չեմ կամենում, որ որևէ զզվելի, մեղավոր և եսասեր բան ելք գտնի ու վնասի ուրիշների հետ իմ փոխհարաբերություններին, ու չեմ կասկածում, որ նույնն էլ դու չես կամենում:
Սիրտը պահպանելու գործում մեծ դեր ունի մտքերը, խոսքերը, տրամադրությունը և ընդհանուր աշխարհայացքը վերահսկելը: Ինչ մտածում ես, սովորաբար ի հայտ է գալիս խոսքի մեջ: Ինչ ասում ես, ազդում է զգացմունքների վրա, և արտահայտվում ընդհանուր վերաբերմունքի մեջ:
Ամենօրյա կյանքի ընթացքում այս բաներով է որոշվում, թե ինչպես կվարվես քո հանգամանքների հետ՝ կունենաս խաղաղությո՞ւն, թե՞ կընկնես լարված իրավիճակի մեջ: Սիրտը թելադրում է, թե ինչպես կարձագանքես ուրիշներին՝ սրտացավությամբ և ըմբռնումո՞վ, թե՞ դատապարտությամբ և ամբարտավանությամբ, հատկապես, երբ համաձայն չես նրանց հետ:
Դու կարող ես ետ պահել քո ներքին մտքերը, որպեսզի դրանք չփոխեն քո խոսքերն ու վերաբերմունքը, սակայն ես համարում եմ, որ շատ ավելի հեշտ է սկսել աստվածային մտքերով: Ժամանակ անցկացրո՛ւ Աստծո ներկայության մեջ, և թող Սուրբ Հոգին լցնի քո սիրտը Իր բարությամբ:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես ցանկանում եմ, որ իմ սիրտը միայն լցված լինի այն մտքերով ու ցանկություններով, որոնք Քեզանից են: Երբ ես ավելի շատ ժամանակ անցկացնեմ Քո ներկայության մեջ և կենտրոնանամ միմիայն Քեզ վրա, գիտեմ, որ իմ սիրտը կփոխվի դեպի լավը և աստվածահաճ ազդեցություն կունենա իմ կյանքի վրա: