«Վհուկներին մի՛ նայեք և հմայողներից մի՛ հարցրեք, որ նրանցով չպղծվեք. Ես եմ Եհովան՝ ձեր Աստվածը» (ՂԵՎՏԱՑԻՆԵՐԻ 19.31):
Որպես հավատացյալներ՝ մենք ունենք Աստծուն մոտենալու և հոգևոր իրականության հետ առնչվելու իրավունք: Մենք կարող ենք լսել Աստծո ձայնը և Նրանից ուղղություն ստանալ: Շատերը հոգևոր առաջնորդություն են ուզում, բայց ոչ բոլորն են այն փնտրում Աստծուց:
Ամբողջ աշխարհում մարդիկ խորհուրդ և ուղղություն են փնտրում աստղերից, էքստրասենսներից, գուշակներից… Սա սխալ է և վիրավորում է Աստծուն: Սատանան այս ճանապարհով շատերին է խաբում: Մարդիկ ուղղություն և լուծումներ են փնտրում իրենց կյանքի համար: Ցավոք, նրանց չեն սովորեցրել, որ Աստված կհոգա այդ ամենի համար: Այսօրվա ուղերձի նպատակն է հայտնել քեզ, որ Աստված ուզում է լինել քո տեղեկությունների աղբյուրը: Նա ուզում է ամեն օր առաջնորդել քեզ Իր Խոսքի և Հոգու միջոցով:
Մի անգամ ես աշխատում էի մի կնոջ հետ, որն աստղագուշակությամբ էր զբաղվում: Նա հետևում էր աստղերին՝ նախքան որևէ որոշում կայացնելը: Նույնիսկ նայում էր աստղերի դասավորությանը, որպեսզի իմանար, թե որ օրն էր կտրելու մազերը: Ինչո՞ւ դիմենք աստղերին, երբ կարող ենք դիմել Աստծուն, Ով ստեղծել է աստղերը:
Եթե առաջնորդություն կամ ուղղություն ես փնտրում այլ աղբյուրներից և ոչ՝ Աստծուց, ապա հորդորում եմ, որ ապաշխարես, շրջվես դեպի Նա և խնդրես Սուրբ Հոգուն, որ այսօրվանից լինի քո միակ ուղեցույցը:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. փնտրի՛ր տեղեկություն և առաջնորդություն միայն Աստծուց: