Աստված խոսում է պարգևների և ընդունակությունների միջոցով

Աստված խոսում է պարգևների և ընդունակությունների միջոցով

«Մարդու սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է հաստատում» (ԱՌԱԿԱՑ 16.9):

Մարդիկ հաճախ մտածում են. «Ի՞նչ պիտի անեմ իմ կյանքում: Ո՞րն է իմ ապրելու նպատակը: Արդյո՞ք Աստված ծրագիր ունի իմ կյանքի համար»: Այս հարցերին Աստված պատասխանում է մի քանի ձևերով, այդ թվում՝ մեր բնական պարգևների և ընդունակությունների միջոցով: Նա առաջնորդում է մեզ հասկանալու մեր նպատակը մեզ տրված հմտությունների և տաղանդների միջոցով:

Աստծուց տրված տաղանդը կամ այն, ինչ հաճախ անվանում ենք «պարգև», մի բան է, որը կարողանում ենք անել հեշտությամբ: Օրինակ, շատ հայտնի արվեստագետներ գիտեն ինչպես միախառնել ձևերն ու գույները և հաճույք ստանալ նկարչությունից, քանդակագործությունից կամ շենքերը նախագծելուց: Շատ երգահաններ իրենց մտքում լսում են երաժշտություն, ապա գրի են առնում մեղեդիները կամ երգի բառերը՝ ստեղծելով գեղեցիկ երաժշտություն: Ոմանք ունեն կազմակերպելու կամ կառավարելու բնական ընդունակություններ, մինչդեռ մյուսներն օժտված են որպես խորհրդատուներ, որոնք օգնում ենք մարդկանց հասկանալու, թե ինչ է կատարվում իրենց կյանքում և փոխհարաբերություններում: Ինչպիսին էլ լինեն մեր տաղանդները, մենք մեծ հաճույք ենք ստանում, երբ զբաղվում ենք այն ամենով, ինչն ամենից լավ ենք անում:

Եթե դու վստահ չես, թե որն է կյանքիդ նպատակը, պարզապես արա՛ այն, ինչն ամենից լավ ես անում: Աստված կհաստատի քո ընտրությունները՝ օրհնելով քո ջանքերը: Մի՛ անցկացրու կյանքդ՝ փորձելով անել այն, ինչի համար օժտված չես: Երբ մարդիկ զբաղվում են այնպիսի աշխատանքով, որի համար չունեն համապատասխան ընդունակություններ, նրանք դժբախտ են, դժբախտ են նաև նրանց շրջապատողները: Բայց երբ մարդիկ ճիշտ տեղում լինեն, նրանք աչքի կընկնեն իրենց աշխատանքի մեջ և օրհնություն կլինեն գործատուների և աշխատակիցների համար:

Եթե մենք անենք այն, ինչն ամենից լավ ենք անում, կզգանք Աստծո օծությունը (ներկայությունը և զորությունը) մեր բոլոր ջանքերում: Մենք կիմանանք, որ գործում ենք մեր պարգևներով և այդպես անելով պատվում ենք Աստծուն ու ծառայում մարդկանց: Աստված խոսում է մեզ հետ օծության միջոցով՝ տալով խաղաղություն և ուրախություն, ու մենք հասկանում ենք, որ իրականացնում ենք Նրա ծրագիրը մեր կյանքի համար:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. արա՛ այն, ինչն ամենից լավ ես անում. դա Աստծո պարգևն է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon