«Պարզապես» մի՛ աղոթիր

«Պարզապես» մի՛ աղոթիր

«Ամբողջ տասանորդը տարե՛ք գանձատուն…Եվ Ինձ մեկ փորձե՛ք սրանով,- ասում է Զորաց Տերը,- թե արդյոք չե՞մ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափի ձեզ համար, մինչև որ նրա համար տեղ չլինի» (ՄԱՂԱՔԻԱ 3.10):

Հաճախ լսում եմ, թե ինչպես են մարդիկ աղոթում՝ օգտագործելով «պարզապես» բառը (այդպես ինքս եմ բազմիցս աղոթել): Այդ աղոթքը հնչում է մոտավորապես այսպես. «Այժմ, Տե՛ր, մենք պարզապես շնորհակալություն ենք հայտնում Քեզ այս կերակուրի համար», «Աստվա՛ծ, մենք պարզապես խնդրում ենք, որ պաշտպանես մեզ», «Հա՛յր, մենք պարզապես գալիս ենք Քեզ մոտ այս երեկո…», «Օ՜, Աստվա՛ծ, մենք այնքան շնորհակալ կլինենք, եթե պարզապես օգնես մեզ այս իրավիճակում…»: Հասկանո՞ւմ ես, թե ինչ նկատի ունեմ: Այսպես աղոթելով՝ կարծես վախենում ենք Աստծուց շատ բան խնդրել:

Աղոթքի մեջ օգտագործելով «պարզապես» բառը՝ մենք ասես նշում ենք, որ կարող ենք նաև բավարարվել նվազագույնով և ծայրը ծայրին հասցնելով: Աստված ցանկանում է առատապես տալ մեզ ավելին, քան համարձակվում ենք հուսալ, խնդրել կամ մտածել (տե՛ս Եփեսացիների 3.20): Նա ուզում է բացել երկնքի պատուհանները և թափել օրհնությունները, այդ դեպքում ինչո՞ւ պիտի մոտենանք Նրան՝ խնդրելով տալ մեզ նվազագույնը՝ ծայրը ծայրին հասցնելու համար: Ինչո՞ւ պիտի մոտենանք Նրան այնպես, կարծես վախենում ենք չափից շատ խնդրելուց: Երբ մոտենում ենք Նրան այդպիսի վերաբերմունքով, թվում է՝ չենք հավատում, որ Նա առատաձեռն է ու բարի: Մենք պետք է հասկանանք, որ Նա այն Աստվածը չէ, որ տալիս է «պարզապես» այնքան, որ ծայրը ծայրին հասցնենք: Նա ցանկանում է օրհնել մեզ առատապես, ինչպես խոստանում է այսօրվա խոսքը:

Աստված չի ուզում լսել վախվորած, անվստահ «պարզապես» աղոթքներ: Նա ուզում է լսել համարձակ, վստահ, հավատքով լի աղոթքներ այն մարդկանցից, որոնք հաստատուն են Նրա հետ ունեցած իրենց ընկերության մեջ:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ խոսքը վերաբերում է աղոթքին, մի՛ եղիր անվստահ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon